Չինական բանակը 19 ինքնաթիռ եւ երեք ռազմանավ է ուղարկել Թայվանի մոտ
Թայվանի զինված ուժերն ուրբաթ արձանագրել են Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի (PLA) 19 ինքնաթիռների եւ երեք նավերի մոտենալը կղզուն, ասվում է Թայվանի պաշտպանության գերատեսչության ամենօրյա զեկույցում։
«Սեպտեմբերի 2-ի ժամը 17:00-ի (Մոսկվայի ժամանակով՝ 12:00-ի) դրությամբ Թայվանի զինված ուժերը Թայվանի մերձակայքում ծովային եւ օդային տարածքում Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի 19 ինքնաթիռի եւ երեք նավի ակտիվություն են գրանցել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Թայվանի նեղուցի, այսպես կոչված, «միջին գիծը» հատել է չորս ինքնաթիռ, այդ թվում՝ մեկ Y-8 հակասուզանավային ինքնաթիռ, երկու J-16 կործանիչ եւ մեկ Y-8 ռադիոէլեկտրոնային պատերազմի ինքնաթիռ։
Գործակալության տվյալներով՝ Թայվանն օդային պարեկ է ուղարկել՝ իրավիճակը վերահսկելու համար, ռադիոնախազգուշացումներ է տվել, ինչպես նաեւ զենիթահրթիռային համակարգեր է տեղակայել։
Թայվանի շուրջ իրավիճակը սրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ վերջերս կղզի կատարած այցից հետո։ Չինաստանը, որը կղզին իր նահանգներից մեկն է համարում, դատապարտել է Փելոսիի այցը՝ այդ քայլում տեսնելով ԱՄՆ-ի աջակցությունը թայվանական անջատողականությանը, եւ լայնածավալ զորավարժություններ է սկսել։