ԱՄՆ-ն Թուրքիային և Հունաստանին կոչ է անում չթեժացնել իրավիճակը տարածաշրջանում
ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է Էգեյան ծովի օդային տարածքում հունական ՀՕՊ համակարգերի կողմից թուրքական ինքնաթիռները նշանառության տակ առնելու վերաբերյալ պնդումները:
Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից։
Ավելի վաղ նման պնդում էր առաջ քաշել պաշտոնական Անկարան: Իր հերթին հունական կողմը հերքել էր այդ պնդումները:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հարցին անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարության անանուն պաշտոնյաներից մեկը:
Նա մասնավորապես նշել է.
«Մենք շարունակում ենք կոչ անել ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներ՝ Հունաստանին և Թուրքիային տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով լուծել և ապահովել տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից և գործողություններից, որոնք ավելի կթեժացնեն լարվածությունը»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է տեղեկատվություն տրամադրել՝ ՆԱՏՕ-ին Էգեյան ծովի օդային տարածքում հունական ՀՕՊ համակարգելի կողմից թուրքական ինքնաթիռները նշանառության տակ առնելու լուրերի վերաբերյալ: