Արսեն Զախարյանը մնում է «Դինամոյում»
Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը մնում է ռուսական թիմում։ ArmSport. am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
«Օգոստոսի 25-ին ՖԱ «Դինամոն» առաջարկ է ստացել անգլիական «Չելսիից»՝ մեր կիսապաշտպան Արսեն Զախարյանի տեղափոխության վերաբերյալ։ Աշխարհի ամենաուժեղ ակումբներից մեկի հետաքրքրվածությունը մեր ակադեմիայի սանի նկատմամբ մեծ գնահատական է «Դինամոյի» երիտասարդ ֆուտբոլիստների պատրաստման որակի և Արսենի խաղային առաջընթացի համար։
Մի քանի օր շարունակ «Դինամոն» ու «Չելսին» բանակցություններ են վարել, որոնցում մեր ակումբը կառուցողական դիրք է զբաղեցրել։ Բայց մեզնից չկախված տեխնիկական խնդիրների պատճառով խաղացողի տեղափոխությունն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իրագործելն իրատեսական չէ։ Այնուամենայնիվ, մեր ակումբը բաց է առաջարկների համար, որոնք կգոհացնեն «Դինամոյին» ու ֆուտբոլիստին։
Այս պահին կողմերը որոշել են, որ Արսենը կշարունակի հանդես գալ «Դինամոյում»»,- ասված է հաղորդագրության մեջ։