Առաջիկայում իրականացվելու են շարունակական աշխատանքներ՝ Արցախի գիտակրթական ներուժի բացահայտման ուղղությամբ. Արտակ Բեգլարյան
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առիթով:
«Ջերմորեն շնորհավորում եմ գիտելիքի և դպրության օրը՝ լիահույս, որ այս լուսավոր տոնը մեր կրթադաստիարակչական, գիտական-մասնագիտական, ինքնակրթության, հայրենաճանաչողության ու աշխարհընկալման բնագավառներում կարևոր մեկնակետ կլինի:
Խորապես համոզված եմ, որ մեր ազգային միասնության ու հետագա ձեռքբերումների միակ ճանապարհը կիրթ ու զարգացած սերունդն է, որ ամեն օր ընտանիքում, կրթական ու մարզամշակութային օջախներում ձևավորում է աշխարհայացք ու կարողություններ: Ուստի, մենք ենք կերտում այսօրվա ու վաղվա գաղափարակրի ներաշխարհը և մենք ենք պատասխանատու մեր վաղվա օրվա համար: Կառավարությունն այս ոլորտում ունի պատասխանատվության ու առաքելության էական բաժին:
Առաջիկայում իրականացվելու են շարունակական աշխատանքներ՝ Արցախի Հանրապետության գիտակրթական ներուժի բացահայտման ու բարելավման, ժամանակակից լուծումների ներդրման ու որակական ցուցանիշների կայուն բարձրացման ուղղությամբ:
Եվս մեկ անգամ շնորհավորելով սեպտեմբերի 1-ը՝ ուզում եմ երախտիքի խոսքեր հղել վաստակած հանգստի մեկնած մեր ուսուցիչներին, կամք ու եռանդ՝ բոլոր գործող մանկավարժներին, ուսանելու անսպառ ձգտում՝ մեր աշակերտներին»,- ասված է ուղերձում: