Բորելը ողջունել է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է օգոստոսի 31-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։
«Կարևոր է շարունակել խաղաղության համաձայնագրի հարցում առաջընթաց գրանցելու աշխատանքը և ջանքերը մարդասիրական և կապի ոլորտներում։ ԵՄ-ն շարունակում է լիարժեքորեն ներգրավված լինել՝ հանուն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ Հարավային Կովկասի»,- ասվում է գրառման մեջ։
Օգոստոսի 31-ին տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում: Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ նոյեմբերին: Առաջնորդների ֆորմատով հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին: