Զելենսկիներն արգելել են Իտալիայում գտնվող իրենց վիլլան վարձակալության հանձնել ռուսներին. լրատվամիջոցներ
Իտալական Ֆորտե դե Մարմիում Զելենսկիների ընտանիքին պատկանող Վիտտորիա Ապուանա վիլլայի վարձակալությունը կազմակերպող գործակալությանն արգելվել է բանակցել ռուս հաճախորդների հետ։ Այս մասին La Stampa թերթին ասել է Real Estate Forte dei Marmi Villas գործակալության ներկայացուցիչ Կլաուդիո Սալվինին, որը հերքել է լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունն առ այն, թե ամռանը այս վիլլայում ռուսներ են նկատվել, գրում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ վիլլան «գրանցված է իտալական մի ընկերության վրա, որը Կիպրոսում մեկ այլ ընկերության ենթակայության տակ է և պատկանում է (Ուկրաինայի նախագահ) Զելենսկու կնոջը: Մենք իրավասու ենք այն վարձակալությամբ տալ՝ պայմանով, որ վարձակալները ռուսներ չլինեն»,- ասել է գույքի կառավարիչը։
«Երևի ինչ-որ մեկը լսել է ռուսերեն խոսակցություն և որոշել, որ նրանք վարձակալներ են, բայց ես դա կտրականապես հերքում եմ»,- մեջբերում է թերթը նրա խոսքերը։
Սալվինին ասել է, որ ամառվա ընթացքում օբյեկտը վարձակալության է տրվել, բայց հիմա նորից դատարկ է։ Նա չի հստակեցրել, թե ով է վարձակալողը։ Ավելի վաղ մեկ այլ Il Tirreno թերթը տեղեկություն էր տարածել, որ «Զելենսկու վիլլան վարձակալել է Լոնդոնում բնակվող ռուս զույգը»։