«Լուկօյլ»-ի տնօրենների խորհրդի նախագահն ինքնասպան է եղել՝ նետվելով հիվանդանոցի պատուհանից
Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի ներկայացուցիչը հաստատել է «Լուկօյլ» նավթային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռավիլ Մագանովի մահը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Այո, մենք հաստատում ենք փաստը»,- ասել է գործակալության զրուցակիցը և հավելել, որ դեպքի պատճառները պարզելու ուղղությամբ քննչական մարմիններն աշխատում են տեղում։
Սեպտեմբերի 1-ի առավոտյան մի շարք Telegram ալիքներ հայտնել են, որ «Լուկօյլ»-ի տնօրենների խորհրդի նախագահ 64-ամյա Ռավիլ Մագանովը մահացել է հիվանդանոցի պատուհանից ընկնելու հետևանքով: Նա հիվանդանոցում բուժում էր անցնում։ Մագանովի դին հայտնաբերել են հիվանդանոցի բուժանձնակազմը։
Հիշեցնենք, որ մայիսին առեղծվածային հանգամանքներում մահացել էր «Լուկօյլ» նավթային ընկերության նախկին թոփ մենեջեր և միլիարդատեր Ալեքսանդր Սուբբոտինը:
Վերջին ամիսների ընթացքում սա Ռուսաստանի թոփ մենեջերների առաջին տարօրինակ մահը չէ: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին «Գազպրոմբանկ»-ի նախկին մենեջեր Վլադիսլավ Ավաևի և «Նովատեկ»-ի նախկին ղեկավար Սերգեյ Պրոտոսենիի մահվան մասին: Հետաքննության նախնական վարկածով՝ երկուսն էլ նախ սպանել են ընտանիքի անդամներին, որից հետո ինքնասպան են եղել։