«Ես ոչինչ չգիտեմ». ինչի՞ց է վախենում Մովսես Հակոբյանը
Արցախը սիրող, Արցախը հայկական պահելու համար ուղի կերտած բոլոր անձինք թիրախում են. դա ապացուցվեց երեկ, երբ Արցախից Երևան գալու ճանապարհին բերման ենթարկվեց ՊՆ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանը:
Հիշեցնենք, 44-օրյա պատերազմի օրերին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար նշանակված Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել զինվորական պաշտոնեական անփութության համար:
Ակնհայտ է, որ այս շարքը դեռ շատ հայրենասերներ կհամալրեն, ինչպես նաև ակնհայտ է, որ նրանցից քչերն այս օրերին կանդրադառնան այս թեմային ու մեկնաբանություն կտան:
Ինչը և ապացուցվեց մեր դեպքում. թեմայի շուրջ MediaHub.am-ը զրուցեց ԳՇ նախկին ղեկավար Մովսես Հակոբյանի հետ ։
- Պարոն Հակոբյան, ինչպե՞ս եք վերաբերում Միքայել Արզումանյանի ձերբակալությանը։
- Չեմ կարող մեկնաբանել, որովհետև քրեական գործին ծանոթ չեմ։
- Այսինքն՝ ծանո՞թ չեք գործին։
- Որտեղի՞ց պետք է ծանոթ լինեմ։
- Երեկ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել։
- Ես հաղորդագրություններով մեկնաբանություն չեմ անում։
- Խոսքը պաշտոնական հաղորդագրության մասին է, այդ դեպքում է՞լ չեք մեկնաբանում։
- Ոչ։
- Իսկ մտավախություն չունե՞ք, որ հերթով բոլոր գեներալների հետևից գալու են։
- Չեմ կարող ասել։ Իմ հետևից վաղուց են եկել։
- Վերադառնալով Միքայել Արզումանյանին․ ի՞նչ կարծիք ունեք, ընդհանրապես, նրա մասին։ Նա կարո՞ղ էր Շուշիի պաշտպանությունն անփույթ կազմակերպել։
- Ես չեմ կարող մեկնաբանել, որովհետև ծանոթ չեմ նրա գործունեությանը։
Նշենք, որ մեր մյուս հարցերն անպատասխան մնացին, քանի որ ԳՇ նախկին ղեկավարն ուղղակի անջատեց հեռախոսը։