Միխայիլ Գորբաչովն արել է ավելին, քան որևէ մեկը. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Միխայիլ Գորբաչովն արել է ավելին, քան որևէ մեկը՝ սառը պատերազմը խաղաղ ճանապարհով ավարտելու համար, ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարության մեջ։
«Ես խորապես վշտացած եմ Միխայիլ Գորբաչովի մահվան լուրով՝ իր տեսակի մեջ միակ պետական գործչի, ով փոխեց պատմության ընթացքը: Նա ամենից ավելին արեց սառը պատերազմին խաղաղ ավարտին հասցնելու համար», – ասվում է հայտարարության մեջ:
«ՄԱԿ-ի անունից իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Միխայիլ Գորբաչովի ընտանիքին, Ռուսաստանի Դաշնության ժողովրդին և կառավարությանը»,- հավելել է նա։
Գուտերեշի խոսքով՝ 1990 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակը ստանալուց հետո Գորբաչովը «նկատեց, որ «խաղաղությունը միասնություն չէ նմանության մեջ, այլ միասնություն՝ բազմազանության մեջ»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Հետագա տարիներին, նշել է Գուտերեշը, Միխայիլ Գորբաչովն իր վրա վերցրեց մի նոր մարտահրավեր, որը նույնքան կարևոր է մարդկության բարօրության համար՝ ստեղծելով կայուն ապագա մարդկանց և շրջակա միջավայրի միջև ներդաշնակ հարաբերություններ մշակելու միջոցով: Հենց այս ոգով էլ նա հիմնեց Միջազգային Կանաչ Խաչը, հավելել է գլխավոր քարտուղարը։
«Աշխարհը կորցրել է ականավոր համաշխարհային առաջնորդի, բազմակողմանիության հավատարիմ ջատագովին և խաղաղության համար անխոնջ մարտիկին»,- եզրափակել է նա։
Երեքշաբթի երեկոյան ծանր և երկարատև հիվանդությունից հետո 92 տարեկանում մահացել է ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը։