Իլոն Մասկը բացահայտել է իր նիհարելու գաղտնիքը
Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր, ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը սոցիալական ցանցերում բացահայտել է իր նիհարելու գաղտնիքը։ Այս թեմայով գրառում է հայտնվել նրա Twitter-ում։
Ձեռնարկատերը խոստովանել է, որ ինքն իրեն լավ մարզավիճակում է պահում ընդհատվող ծոմապահության միջոցով: «Լավ ընկերոջ խորհրդով ես պարբերաբար ծոմ եմ պահում և ինձ ավելի առողջ եմ զգում»,- ասել է Մասկը և նշել, որ նիհարելու գործընթացում օգտվել է Zero բջջային հավելվածից։
Իր հերթին, NorthmanTrader-ի հիմնադիր, ֆինանսիստ Սվեն Հենրիխը հարցրել է, թե որքան քաշ է հաջողվել կորցնել գործարարին։ Ի պատասխան՝ Մասկն ասել է, որ մոտ ինը կիլոգրամ նիհարել է:
Հուլիսին պապարացիները Իլոն Մասկին առանց հագուստի լուսանկարել էին Հունաստանում հանգստի ժամանակ։ Daily Mail-ի տարածած լուսանկարներում 51-ամյա միլիարդատերը նկարահանվել է զբոսանավում սև շորտերով: Մեկնաբանություններում ընթերցողները նշել են, որ SpaceX-ի ղեկավարը ոչ սպորտային տեսք ունի՝ մատնանշելով որովայնի և կրծքավանդակի հատվածում գտնվող ճարպային կուտակումները, ինչպես նաև ուշադրություն են հրավիրել նրա գունատ մաշկի վրա։