Թայվանը կավելացնի իր ռազմական բյուջեն
Թայվանի ռազմական բյուջեի ռեկորդային աճը պայմանավորված է ռազմական տեխնիկայի սեփական արտադրությունը խթանելու կառավարության մտադրությամբ, երեքշաբթի ասել է Թայվանի ղեկավար Ցայ Ինվենը Պենհու կղզիներում (Պեսկադորի կղզիներ) ռազմաօդային ուժերի բազա այցի ժամանակ։
«Պաշտպանության բյուջեի ներկայիս աճի հիմնական նպատակը մեր նավերի կառուցմանը, սեփական ինքնաթիռների կառուցմանը, ինչպես նաեւ զենքի որակի բարելավմանը, զինամթերքի համալրմանը, պահեստային զորքերի վիճակի բարելավմանը նպաստելն է»,- ասել է Ցայ Ինվենը, ում խոսքերը մեջբերում է վարչակազմի ղեկավարի գրասենյակը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թայվանի կառավարությունը ներկայացրել է հաջորդ տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը, որը ռազմական ծախսերի՝ մինչեւ ռեկորդային 586.3 միլիարդ թայվանական դոլար (19.4 միլիարդ դոլար) աճ է նախատեսում:
Նա նաեւ նշել է, որ լարվածությունը Թայվանի նեղուցում օրեցօր աճում է՝ ընդգծելով, որ որքան շատ սադրանքներ լինեն թշնամու կողմից, այնքան ավելի մեծ հանգստություն Թայվանը պետք է դրսեւորի։
«Եկեք հակառակ ափին կոնֆլիկտների ստեղծման առիթ չտանք։ Մենք ռազմական բախում չենք հրահրի... բայց դա չի նշանակում, որ մենք չենք կարող դիմադրություն ցույց տալ»,- ընդգծել է նա։
Թայվանի շտաբի ղեկավար Ցայ Ինվենը վերջին տարիներին անընդհատ խոսում է կղզու պաշտպանունակության բարձրացման եւ պաշտպանական բյուջեն ավելացնելու անհրաժեշտության մասին։ Սակայն, չնայած ռեկորդային աճին, Թայվանի պաշտպանական բյուջեն դեռ ավելի քան 10 անգամ փոքր է Չինաստանի ռազմական ծախսերից: Այդպես, 2022-ի բյուջեի համաձայն՝ Չինաստանը մտադիր է ռազմական ծախսերն ավելացնել 7.1 տոկոսով, իսկ ռազմական բյուջեն 1.45 տրիլիոն յուանի (229.5 մլրդ դոլար) հասցնել։
Թայվանի շուրջ իրավիճակը սրվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ վերջերս կղզի կատարած այցից հետո։ Չինաստանը, որը կղզին իր նահանգներից մեկն է համարում, դատապարտել է Փելոսիի այցը՝ այդ քայլում տեսնելով ԱՄՆ-ի աջակցությունը թայվանական անջատողականությանը, եւ լայնածավալ զորավարժություններ է սկսել։