Վերաքննիչ դատարանում ընթանում է Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը
ՏեսանյութերՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, այսօր՝ օգոստոսի 30-ին, ընթանում է «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի բողոքարկման նիստը։
Ըստ Չալաբյանի պաշտպանների՝ Վերաքննիչ քրեական դատարանի նիստն արտառոց է, որովհետեւ որոշում է կայացվել Ավետիք Չալաբյանի ապօրինի կալանավորման վիճարկումը քննել բանավոր ընթացակարգով, ինչը ընդհանուր կարգից բացառություն է:
Հիշեցնենք, որ Չալաբյանը մեղադրվում է ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ուսանողներին նյութապես շահագրգռելու մեջ։
Նա մայիսի 14-ին կալանավորվել է, ապա կալանքը երկարացվել եւս 15 օրով։ Հուլիսի 27-ի երեկոյան Ավետիք Չալաբյանն ազատ է արձակվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից։ Սակայն օգոստոսի 3-ի նիստում դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ Չալաբյանը կրկին կալանավորվել է երեք ամիս ժամկետով։
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Ավետիք Չալաբյանին մեղադրանք առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երեւան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետեւ մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին եւ նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» եւ «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար: