Եգիպտոսի նախագահը պատրաստ է նպաստել Իրաքում լարվածության թուլացմանը
«Shantnews»-ի փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի հետ հեռախոսազրույցում հայտնել է իր պատրաստակամությունը՝ օգնելու դեէսկալացնել իրավիճակը երկրում, որտեղ բախումները շարունակվում են, հայտնել են Եգիպտոսի նախագահի գրասենյակից։
Այս պահին Իրաքի մայրաքաղաք Բաղդադի «կանաչ գոտում» կատաղի մարտեր են ընթանում հանրաճանաչ շիա առաջնորդ Մուկթադա աս-Սադրին ենթակա «Սարայա ալ-Սալամ» (Խաղաղության ուժեր) բրիգադի և շիա «Ալ-Հաշդ ալ-Շաաբի» աշխարհազորայինների կազմավորումների միջև։ Կողմերն օգտագործում են ականանետեր և ծանր գնդացիրներ։ Ինչպես հայտնում է Al-Jazeera հեռուստաալիքը, վկայակոչելով բժշկական աղբյուրները, բախումների զոհ է դարձել 20 մարդ։
«Նախագահը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Եգիպտոսի լիակատար աջակցությունն Իրաքին ներկա պայմաններում… հայտնելով Եգիպտոսի պատրաստակամությունը արաբ եղբայրների հետ միասին նպաստելու ցանկացած համատեղ ջանքերի՝ էսկալացիան և առճակատումը դադարեցնելու համար», – ասվում է Ալ-Սիսիի գրասենյակի հայտարարության մեջ։