Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել ԱՄՆ բաց առաջնությունում
Ամերիկյան Նյու Յորք քաղաքում մեկնարկել է թենիսի «Մեծ սաղավարտի» ԱՄՆ բաց առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայկական արմատներով ռուսաստանյան թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակ է տոնել առաջին շրջանում: Խաչանովի մրցակիցը ԱՄՆ-ից Դենիս Կուդլան էր: 2 ժամ 11 րոպե ձգված մրցախաղում Խաչանովն առավելության է հասել չորս սեթերում` 3:6, 6:1, 6:2, 6:3 հաշվով:
US Open-ի անդրանիկ մրցախաղում հաղթանակ է տոնել նաև աշխարհի առաջին ռակետ Դանիիլ Մեդվեդևը, ով մոտ 2 ժամ ձգված խաղում հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ստեֆան Կոզլովին երեք սեթերում` 6:,2 6:4, 6:0 հաշվով:
Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» 4 հիմնական մրցաշարերից մեկն է, որն անցկացվում է 1881 թվականից: Այս տարի մրցաշարի մրցանակային ֆոնդը ռեկորդային է՝ 60 միլիոն ԱՄՆ դոլար: US Open-ի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը ռուս Դանիիլ Մեդվեդևն է, իսկ կանանց մենախաղերինը` Էմմա Ռադուկանուն: