Չինաստանը պահանջել է ԱՄՆ-ից անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Թայվանին
Չինաստանը պահանջում է, որպեսզի ԱՄՆ-ը դադարեցնի սպառազինության վաճառքը Թայվանին և հրաժարվի Թայբեյի հետ ռազմական գծով շփումները՝ տարածաշրջանում լարվածության հետագա աճից խուսափելու համար: «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այս մասին РИА Новости-ին հայտնել է Վաշինգտոնում Չինաստանի դեսպանության պաշտոնական ներկայացուցիչ Լյու Պենյույը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Politico պարբերականը՝ հղում անելով անանուն աղբյուրներին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է մոտ ժամանակներս դիմել կոնգրեսին՝ մոտ 1.1 մլրդ դոլարի ամերիկյան սպառազինություն Թայվանին վաճառելու խնդրանքով: Խոսքը հականավային 60 AGM-84K Harpoon Block II հրթիռների և «օդ-օդ» դասի 100 AIM-9X Block II Sidewinder հրթիռների մասին է:
«ԱՄՆ-ի կողմից Թայվանին զենք վաճառելը լրջորեն խախտում է «Մեկ Չինաստան» սկզբունքը և Չինաստան-ԱՄՆ երեք համատեղ կոմյունիկեների դրույթները, խրախուսում է Թայվանի անկախության կողմնակից անջատողական ուժերին և սրում լարվածությունը Թայվանի նեղուցում»,-ասել է նա: