ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Իրաքում հակամարտող կողմերին դեէսկալացիայի կոչ է արել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է անում Իրաքում հակամարտող կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի և ցանկացած բռնություն կախելու ուղղությամբ: «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ է հետևում Իրաքում ընթացող բողոքի ակցիաներին, որոնց ընթացքում ցուցարարները մտել են կառավարական շենքեր: Նա հատկապես անհանգստացած է զոհերի մասին հաղորդագրություններով», – ասել է Դյուժարիկը:
«Նա (ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը) հանդարտության և զսպվածության կոչ է անում, ինչպես նաև կոչ է անում բոլոր համապատասխան կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակը դեէսկալացնելու և ցանկացած բռնություն կանխելու համար»,- ասվում է նրա մեկնաբանության մեջ։
Ինչպես նշել է Դյուժարիկը, գլխավոր քարտուղարը կոչ է անում բոլոր կողմերին վեր կանգնել իրենց տարաձայնություններից և առանց հետագա հապաղումների ներգրավվել խաղաղ և համապարփակ երկխոսության մեջ՝ կառուցողական առաջընթացի համար:
Իրաքի իշխանությունները երեքշաբթին հայտարարել են ոչ աշխատանքային օր՝ երկրում տիրող անկարգությունների պատճառով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով կառավարության որոշումը: