Խորհրդարանական ընդդմությունը շանս չունի, թող չթփրտա
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի
Դիմադրության շարժման առաջնորդները հայտարարել են, որ սեպտեմբերի 2-ից վերսկսելու են իրենց գործունեությունը։ Իշխան Սաղաթելյանը նշել է, որ նախատեսված է հանրահավաք, և Դիմադրության շարժումը, հետապնդելով բոլոր նշված նպատակները, կշարունակի պայքարն ամբողջ ուժով։ Հանրահավաքներ կլինեն նաև Ղարաբաղում և Սփյուռքում:
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Դիմադրության շարժման առաջնորդների հայտարարությանը, նշեց. «Նախ՝ ակնհայտ է, որ դրանք առաջնորդ չեն: Հայաստանում երևույթներ կան, որոնց նշանակությունն աղավաղվել է, երեք հոգով շարժում են սկսում, չորս հոգով կուսակցություն են բացում, մեջներից բեղերովը դառնում է առաջնորդ: Ուզում եմ իրենց հիշեցնել, որ առաջնորդ Տիգրան Մեծն է, իրենք առաջնորդ չեն կարող լինել: Իրենք 2020թվականի նոյեմբերի 9-ից սկսած արդեն երկու տարի է, գոռուն-գոչյուններով, հառաչանքներով, դիմելով հայ ժողովրդին տարբեր վիրավորանքներով, տարբեր աղերսներով, ունեն այսօր այն վիճակը, որն ունեն: Իրենց գործողությունների արդյունքում էլ արտահերթ ընտրություններ նշանակվեցին, և ձևավորվեց այն պատկերը, որն այսօր ունենք»,-ասաց Սուքիասյանը: Նրա խոսքով՝ եթե մի բանը կրկնվելու հատկություն ունի, ուրեմն դա օրինաչափություն է: Այսինքն՝ եթե իրենք անընդհատ տապալվել են, հավանականությունը, որ իրենք էլի են տապալվելու, շատ մեծ է»:
Սուքիասյանի խսքով՝ նրանք շատ լավ գիտեն, որ լեգիտիմություն չունեն հայ ժողովրդի մոտ. տարբեր միջոցներով մի կերպ խցկվել են խորհրդարան, և այդքան է իրենց լեգիտիմության մակարդակը: Քաղաքագետը նկատեց, որ 300.000 մանդատ ունեցող հատվածը փողոցում 3000-4000-ից ավել մարդ չի կարողանում ապահովել:
«Սա իրենց լեգիտիմության ցուցիչն է, և իրենք հաջողելու որևէ շանս չունեն: Իրենց վարքաբանությունը ուղիղ համեմատական է հինգերորդ շարասյուն կոչված եզրույթին, լավագույնս տեղավորվում են դրա շրջանակում և կատարում են ֆունկցիա՝ ցնցել պետության կյանքը, և իրենց հաջողությունը ուղիղ համեմատական է Ռուսաստանի հաջողությունից, և որ պահին Ռուսաստանը մեջքը կշտկի, սրանք կունենան հնարավորություն Հայաստանում հեղաշրջում անելու»,-ասաց նա:
Անդրադառնալով նաև Արցախում նրանց ցույցեր անելուն՝ Սուքիասյանը նշեց, որ եթե նրանք Արցախում Հայաստանի իշխանությունների դեմ ցույցեր անելու հնարավորություն ունեն, նշանակում է՝ ունեն Ռուսաստանի ուղիղ թույլտվությունը և աջակցությունը. սա հերթական ապացույցն է, որ սա հայ ժողովրդի և Հայաստանի շահերի հետ կապ չունեցող հատված է:
«Իրենք շանս չունեն, և թող չթփրտան, թող Հայաստանի շահերի մասին չխոսեն, իրենք վաղուց Հայաստանի շահերը վաճառել են, իրենք Հայաստանի շահերի հետ որևէ աղերս չունեն: Եվ տպավորություն է, որ Ռուսաստանն այստեղ տուփերով ընդդիմադիրներ ունի, անընդհատ մեկին գովազդ են անում և կապում հայ ժողովրդի ջանին: Պրակտիկան ապացուցում է, որ այս հատվածի հետ Հայաստանում որևէ հեղափոխություն բացառվում է: Այս հատվածը ունի ֆունկցիա անընդհատ պետությունը պահել անկայուն վիճակում և հարմար պահին Ռուսաստանի աջակցությամբ հեղաշրջում իրականացնել: Եթե իշխանությունը շարունակելու է իր ամուլ քաղաքականությունը, եթե չի ճնշելու հինգերորդ շարասյունը, Հայաստանի իշխանությունը մեղավոր է լինելու Հայաստանում քաղաքական կյանքի այլասերման համար, և սա իմ բողոքն է և պահանջը իշխանությունից»,-ասաց նա: