«Քանաքեռցի Տույ»-ի սպանության գործով մեղադրվում են փոխհրաձգության ժամանակ սեփական տանը սպանված «Տյուշը» և նրա երեք որդիները. Տյուշի սպանության համար ոչ ոքի մեղադրանք չեն առաջադրել
«Քանաքեռցի Տույ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Արթուր Ղազարյանի, ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի՝ «Տյուշի» և ևս երկու անձի սպանության աղմկահարույց գործը դատարանում է. մեղադրյալները հինգ են, այդ թվում՝ փոխհրաձգության ժամանակ սեփական տանը սպանված Արտուշ Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ 2021թ նոյեմբերի 11-ին՝ ժամը 02.30-ի սահմաններում զինված ընդհարում է տեղի ունեցել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի տանը, որի հետեւանքով 4 անձ սպանվել է, նրանց թվում՝ տանտերը, քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույը։ Ոստիկանությունը հայտնել է, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 45 պարկուճ և գնդակ, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ՝ փամփուշտներով։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության և ապօրինի կերպով զենք պահելու համար։
Նշենք, որ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կողմերի միջեւ առկա տարաձայնությունների քննարկման ժամանակ առաջինը կրակել է քրեական հեղինակությունը՝ Քանաքեռցի Տույը, որն այս ընտրություններում, ըստ շրջանառվող տեղեկությունների, հանդես է եկել որպես Նիկոլ Փաշինյանի թիմի անդամ՝ աշխատելով ՔՊ-ի օգտին։ Իսկ կրակոցներն արձակվել են Արայիկ Հարությունյանի կողմից պարգեւատրված զենքով, ինչին հաջորդել են արդեն Տյուշի կողմի կրակոցները։
Այդուհանդերձ, վարույթն իրականացնող մարմինը որպես մեղադրյալ է ներգրավել նաև մահացած Արտուշ Սիմոնյանին և չի բացառվում, որ Սիմոնյանի հարազատները դեմ են եղել նրա նկատմամբ մահվան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելուն, ուստի, իր մասով ևս գործն ուղարկվել է դատարան։ Ըստ մեղադրանքի՝ նա, որդիների՝ Վլադիմիր, Հովհաննես, Հակոբ Սիմոնյանների, մտերիմներ Արսեն Ալեքսանյանի և Տիգրան Հարությունյանի հետ, նախնական համաձայնության գալով խմբի կազմում, Արթուր Հայկի Ղազարյանին, Արայիկ Բորիսի Խաչատրյանին, Արթուր Աշոտի Բորյանին, Գևորգ Արթուրի Ջաբուրյանին և Գեղամ Արտուշի Ղազարյանին սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, 2021 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:36-ի սահմաններում, Երևան քաղաքի Քանաքեռ 16-րդ փողոցի 16 Ա տան բակում, վերջիններիս հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նախապես ապօրինի կերպով ձեռք բերված և իրենց մոտ ապօրինի կերպով պահվող հրազեններով, փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ ատրճանակներով կրակել և ապօրինաբար կյանքից զրկել են Արթուր Ղազարյանին, Արայիկ Խաչատրյանին և Արթուր Բորյանին, իսկ Գեղամ Ղազարյանին և Գևորգ Ջաբուրյանին պատճառել են հրազենային վնասվածքներ և վերջիններիս սպանությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ՝ Գ.Ղազարյանի և Գ.Ջաբուրյանի փախուստի դիմելու հանգամանքով պայմանավորված:
Մեղադրյալի կարգավիճակում են նաև Արտուշ Սիմոնյանի երեք որդիները, որոնցից երկուսը՝ Վլադիմիր Սիմոնյանը, Հովհաննես Սիմոնյանը կալանավորված են:
Նրանք մեղադրվում են կազմակերպված խմբի կողմից սպանության և ապօրինի զենք պահելու հատկանիշներով, իսկ Հակոբ Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին. Նրան մեղսագրվում է սպանության փորձը։
Կալանավորված է նաև Սիմոնյանների մտերիմ Արսեն Ալեքսանյանը, որը ևս մեղադրվում է սպանության հատկանիշներով։
Նկատենք՝ Տյուշի սպանության համար ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել։
Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին։