Ալժիրը կարող է 50%-ով ավելացնել գազի մատակարարումները Ֆրանսիա. Europe 1
Ալժիրը դիտարկում է, ուկրաինական պատերազմի հետեւանքով ձմռանը ջեռուցման լուրջ խնդրի առաջ կանգնած Ֆրանսիային, գազի մատակարարումը խթանելու հնարավորությունը: Սակայն էներգետիկայի հարցը պաշտոնապես չի ներառվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին այցի օրակարգում, հայտնում է Europe 1 հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Ալժիրը կարող է 50 տոկոսով ավելացնել գազի մատակարարումները Ֆրանսիա։ Այս փուլում սա բանավոր պարտավորություն է, ուստի պաշտոնական հաստատում չունի:
Ալժիր կատարած այցի ընթացքում ֆրանսիական պատվիրակությունը շատ զուսպ է եղել էներգետիկ հարցում, սակայն Engie-ի ղեկավար Քեթրին Մակգրեգորը, ով անդամակցել է խմբին, կարողացել է հանդիպել Ալժիրի էներգետիկայի եւ հանքերի նախարարի, ինչպես նաեւ ալժիրյան նավթագազային հսկա Sonatrach-ի ղեկավարի հետ: Հենց այս մտքերի փոխանակության ժամանակ էլ բարձրացվել է այս թեման։
Թեեւ Ֆրանսիան այնքան էլ կախված չէ ալժիրյան գազից՝ ընդամենը 8 տոկոսով, ներկայիս պայմաններում մատակարարումների ծավալը 50 տոկոսով ավելացնելու հնարավորությունը Փարիզին թույլ կտա մասամբ հաղթահարել Ռուսաստանից գազի ներկրման դադարեցումը, նշել է հեռուստաալիքը։