Իրանը դարձել է բժշկական ծառայությունների տարածաշրջանային կենտրոն. Ռաիսի
Կարեւորելով, Իրանում բուժում ստանալու նպատակով, հարեւան պետություններից հիվանդների աճող թիվը՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին ասել է, որ Իսլամական Հանրապետությունը համարվում է բժշկական ծառայությունների տարածաշրջանային հանգույց, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը:
Ելույթ ունենալով Թեհրանում կայացած՝Իրանի բժշկական հասարակությանը նվիրված համաժողովում, Ռաիսին ասել է, որ Իրանը, բժշկական գիտությունների առումով, տարածաշրջանում եւ աշխարհում իդեալական դիրքում է, քանի որ Իրանի շատ քաղաքներ համարվում են առողջության կենտրոններ:
Նա նշել է, որ հարեւան պետությունների քաղաքացիներն ասում են, որ եթե նախկինում բուժման նպատակով մեկնում էին Եվրոպա, ապա այժմ նախընտրում են բժշկական ծառայությունների համար մեկնել Իրան։
Իրանի նախագահը նաեւ նշել է, որ Իրանում օգտագործվող դեղերի ավելի քան 90 տոկոսն արտադրվում է երկրի ներսում, եւ երկիրն այժմ դեղագործական արտադրանքի խոշոր արտահանող է։
2019 թվականի հունիսին Իրանի առողջապահության փոխնախարարը հայտարարել էր, որ վերջին տասնամյակի ընթացքում երկրում բժշկական զբոսաշրջիկների թիվը 15 անգամ ավելացել է։
Իրան այցելած բժշկական զբոսաշրջիկների թիվը 2007 թվականի 20 հազարից աճել է եւ 2019 թվականին հասել`300 հազարի, իսկ բժշկական զբոսաշրջությունից ստացված ընդհանուր եկամուտը հասել է 1,2 միլիարդ դոլարի։