ԱՄՆ-ում հոլանդացի զինվորականներ են վիրավորվել. մեկի վիճակը ծանր է
ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով, իրենց հյուրանոցի դիմաց, հրազենային վիրավորում են ստացել երեք հոլանդացի կոմանդոսներ, հայտնում է PA Media լրատվականը`հղում տալով ոստիկանությանը, եւ հավելում, որ հրաձգությունը տեղի է ունեցել շաբաթ օրը տեղական ժամանակով ժամը 3:30-ի սահմաններում:
Ինդիանապոլիսի ոստիկանությունը հայտնել է, որ ոստիկանները հրազենային վնասվածքներով երեք տղամարդու են հայտնաբերել եւ տեղափոխել տեղի հիվանդանոցներ:
Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մեկ զինվորի վիճակը ծանր է, իսկ մյուս երկուսը ավելի լավ են եւ գիտակից վիճակում են: Ինդիանապոլիսի ոստիկանությունը, իր հերթին, հայտնել է, որ երկու զինվորի վիճակը ծանր է, իսկ երրորդը՝ կայուն:
Նախարարությունից տեղեկացրել են, որ վիրավոր զինվորները Կոմանդո կորպուսից են եւ գտնվում էին Ինդիանա նահանգում՝ ուսումնամարզական վարժանքների համար:
Ինդիանա նահանգի ազգային գվարդիան հայտնել է, որ զինվորները վերապատրաստվել են Մուսկատատուկ քաղաքի ուսումնական կենտրոնում, որը գտնվում է Ինդիանապոլիսից 40 մղոն հարավ-արեւելք: Գվարդիականների հայտարարության մեջ ասվում է, որ կենտրոնն օգտագործվում է պաշտպանության նախարարության ինչպես նաեւ այլ դաշնակիցների կողմից վերապատրաստումներ անցկացնելու համար: