Ֆրանսիան ու Գերմանիան կոչ են արել չարգելել վիզա տրամադրել ռուսներին
Ֆրանսիան ու Գերմանիան կարծում են, որ ԵՄ-ն պետք է շարունակի վիզաներ տրամադրել ռուսաստանցիներին, որոնք առնչություն չունեն կառավարության հետ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
Գործակալությունը հղում է անում փաստաթղթին, որը նախապատրաստվել է Պրահայում օգոստոսի 30-31-ը կայանալիք ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանն ընդառաջ: Այսպիսով՝ Փարիզում և Բեռլինում կարծում են, որ պետք է շարունակել վիզաների տրամադրումն իշխանությունների հետ կապ չունեցող ՌԴ քաղաքացիներին, այդ թվում՝ ուսանողներին, գիտնականներին, ստեղծագործական մասնագիտությունների տեր մարդկանց:
ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն փոխզիջումային պլան, որը նախատեսում է ռուսների համար հավելյալ բյուրոկրատական ընթացակարգերի ներդրում, ովքեր ցանկանում են կարճաժամկետ վիզա, բացի այդ ԵՄ-ում ցանկանում են ստիպել ավելին վճարել:
Արևմտյան որոշ երկրներ արգելքի կոչ են անում, սակայն այդ հարցով միասնական դիրքորոշում չկա: Կրեմլում ԵՄ ողջամտության հույս են հայտնել: