Դուք եք այն լավագույն մասնագիտության կրողը, որի ստեղծածը դառնում է պատմություն. Համբարձում Մաթևոսյան
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը օգոստոսի 26-ին, Կատայքի մարզ կատարած այցի ընթացքում, մասնակցել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 2022 թվականի շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսությանը։
Միջոցառմանը ներկա են եղել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, ՃՇՀԱ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք։
Շրջանավարտներին ուղղված ելույթի ընթացքում փոխվարչապետ Մաթևոսյանը նշել է․
«Հայաստանի Հանրապետությունը, իր առաջ կանգնած լրջագույն մարտահրավերներին ի պատասխան, այսօր աշխարհին պետք է ներկայանա իր երիտասարդ սերնդով, պատասխանատու և ստեղծագործ երիտասարդներով, որոնք պատրաստ են ամրացնելու ու շենացնելու իրենց հայրենիքը՝ ապավինելով գիտելիքի ուժին, որոնք պատրաստ են դառնալու խաղաղության, համերաշխության և բարության ջատագովներ մեր երկրում և համայն աշխարհում։
Հայաստանի Հանրապետության կառավարության համար գերակա խնդիր է կրթության և գիտության զարգացումը, որի շնորհիվ միայն հնարավոր է հասնել երկրի կայուն զարգացման ու համընդհանուր բարեկեցության:
Կառավարությունը 2021-2026 թվականների իր ծրագրում ամրագրել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները՝ որպես պետության զարգացման գերակայություն՝ նպատակ ունենալով ամրապնդել «կրթություն- գիտություն-աշխատաշուկա» կապը, պատրաստել աշխատաշուկայի նոր պահանջներին համապատասխան մասնագետներ, նպաստել կարողունակ, մրցունակ և ապագան իր երկրում կերտող քաղաքացու ձևավորմանը:
Բարձրագույն կրթություն իրականացնող հայաստանյան բուհերի շարքում իր կարևոր տեղն է զբաղեցնում նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, որը պատրաստում է մեր երկրի շենացման գործում իրենց մեծ ներդրումն ունեցող մասնագետների, որոնք, վստահ եմ, պատվով են կատարելու երկրի կառուցման հարցում իրենց վերապահված այս առաքելությունը։
Տեղյակ եք, որ վերջին տարիներին Հանրապետությունում ընթանում են ճանապարհաշինական, դպրոցաշինական մեծածավալ աշխատանքներ, կառուցվում են հիվանդանոցներ, մանկապարտեզներ, և դրանք կյանքի են կոչվում շնորհիվ պրոֆեսիոնալ մասնագետների՝ նախագծողների, ճարտարագետների, շինարարների։
Մարզային այցերի ընթացքում անձամբ եմ լինում շինարարական հրապարակներում, ծանոթանում շինարարների հետ, տեսնում նրանց անձնվեր գործն ու շնորհակալություն հայտնում կատարած տքնաջան ու սրտացավ աշխատանքի համար։
Հիշե՛ք՝ Դուք եք այն լավագույն մասնագիտության կրողը, որի ստեղծածը դառնում է պատմություն:
Ուրեմն ցանկանում եմ, որ այդ պատմությունը կերտեք որակով ու պատասխանատվությամբ՝ հանուն մեզ ու մեր գալիք սերունդների:
Սիրելի՛ շրջանավարտներ, Շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում, որ ձեր ուժն ու գիտելիքը ծառայեցնեք մեր Հայրենիքի հզորացմանը։
Ջերմագին շնորհավորանքներս նաև ձեզ, Համալսարանի հարգարժան դասախոսներ և աշխատակիցներ։ Խորին շնորհակալությունս ձեր նվիրումի և արհեստավարժության համար։
Բարի երթ բոլորիդ»։