Շունը փրկել է տիրոջը արջի հարձակումից
ԱՄՆ Վերմոնտ նահանգի Ստրաֆորդ քաղաքում շունը փրկել է իր տիրոջը ձագերով էգ արջից, հայտնում է USA Today-ը։
Գազանը հարձակվել էր 61-ամյա Սյուզան Լիի վրա, երբ նա զբոսնում էր իրեն պատկանող հողում իր երկու շների՝ ջեք րասել թերիերի եւ լաբրադուդլի հետ։ Նրա ընտանի կենդանիներն անհետացել էին տեսադաշտից, նա սկսել էր կանչել նրանց եւ հանկարծ բարձր ձայն էր լսել։ Կինը շրջվել էր եւ հասկացել, որ դեպի իրեն արջ է վազում։ Նա սայթաքել եւ ընկել էր, իսկ գիշատիչը հարձակվել էր նրա վրա եւ ատամներով բռնեց նրա ոտքը։ Այդ պահին ջեք րասել թերիերը սկսել էր հաչել արջի վրա եւ շեղել էր նրա ուշադրությունը։ Միայն դրանից հետո Լին կարողացել էր ոտքի կանգնել։ Թերիերը հետեւել էր նրան, իսկ լաբրադուդլն ավելի ուշ էր տուն վերադարձել: Արջը փախել էր դեպքի վայրից։
Ամերիկուհին կարողացել էր տուն վերադառնալ, ինչից հետո հարեւանուհին նրան հիվանդանոց էր տեղափոխել։ Կինը ձախ ոտքին վնասվածք եւ բազմաթիվ քերծվածքներ էր ստացել։ Ստացված վնասվածքները հիվանդի կյանքին չէին սպառնում, եւ նա շուտով դուրս էր գրվել հիվանդանոցից։ Թերիերը եւս չէր տուժել։
Շրջակա միջավայրի պահպանության վարչության ներկայացուցիչները հիվանդանոցում հարցաքննել էին Լիին եւ վերցրել նրա հագուստը՝ որպես կատարվածի ապացույց։ Մասնագետներն ուսումնասիրել են այն վայրը, որտեղ տեղի էր ունեցել հարձակումը եւ պարզել, որ կնոջ վրա էգ արջ է հարձակվել՝ իր ձագերով։ Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Լին եւ շները վախեցրել էին արջին։
Արջին փորձել էին գտնել, սակայն՝ ապարդյուն։ Պետական կենսաբան Ժակլին Կոմոն ասել է, որ արջի որոնումները դադարեցվել են, քանի որ արջը հարձակվել էր ինքնապաշտպանության նպատակով եւ հանրության համար վտանգ չի ներկայացնում։