Վերջին չորս տարիներին պետական պարտքն ավելացել է 3.1 մլրդ դոլարով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի պետական պարտքը հասել է 9,97 մլրդ դոլարի։ Միայն 2021 թվականի ընթացքում Հայաստանի պետական պարտքը ավելացել է 1,3 մլրդ դոլարով կամ 16 տոկոսով այն դեպքում, երբ Հայաստանի համախառն ներքին արդյունքն աճել է ընդամենը 5,7 տոկոսով։ Գործող իշխանությունների կառավարման 4 տարիների ընթացքում (2018 թվականի ապրիլից ի վեր) Հայաստանի պետական պարտքն ավելացել է 3,1 մլրդ դոլարով կամ 45,2 տոկոսով։ Միայն այս տարվա հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական պարտքը ավելացել է 748,36 մլն դոլարով կամ 8,1 տոկոսով։ Ուշագրավ է, որ պետական պարտքի ավելացումն իրականացվել է ներքին պարտքի աճի հաշվին, սակայն հարկ է նշել, որ ներքին պարտքի սպասարկումը պետական բյուջեի համար ավելի ծախսատար է, քան արտաքինը:
Եվ արդյունքում ստացվում է, որ 2022 թվականին Հայաստանի արտաքին պարտքը նվազել է, իսկ ներքինը՝ աճել: Համեմատության համար նշենք, որ 2021 թվականի դեկտեմբերին Հայաստանի պետական պարտքի 66,9 տոկոսը կազմել է արտաքին պարտքը, իսկ ներքին պարտքը՝ 33,1 տոկոսը, այսինքն՝ այս տարվա 7 ամիսների ընթացքում տեղի է ունեցել պետական պարտքի կառուցվածքի կտրուկ փոփոխություն:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում