ՔԿ-ն հաստատում է՝ պարեկը հրավիրվել է Կոմիտե, իսկ դատախազ Էդգար Պետրոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել
ՏեսանյութերԴեռևս հուլիսի 9-ին 168.am-ն անդրադարձել էր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանի և Պարեկային ծառայության պարեկի հետ տեղի ունեցած միջադեպին, երբ դատախազին, ով դեպքի պահին եղել էր գինովցած, իր տան բակից արցունքաբեր գազի գործադրմամբ, տառացիորեն միայնակ տանում է նրա առանձնատան բակից:
Մենք նաև հրապարակել էինք տեսանյութ, որի ուսումնասիրությունից պարզ էր դառնում, որ միայնակ պարեկն Էդգար Պետրոսյանի սեփականություն հանդիսացող տարածքից, առանձնատան բակից ուղղակի առևանգում է նրան:
Այս պատմությունը շարունակություն էր ունեցել նաև ոստիկանական բաժանմունքում, ուր բերման էր ենթարկվել դատախազ Պետրոսյանը, և իրավապահ մարմինների ծառայողների ոչ իրավաչափ գործողությունները շարունակվել են արդեն այնտեղ: Այս հանգամանքը հերքելու հնարավորություն արդեն ոստիկանությունը ոչ մի կերպ չուներ, քանի որ, 168.am-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի այդ օրվա տեսաձայնագրություններն անհետացել էին:
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի կառավարած Հայաստանում կարող է լինել դեպք, որ ոստիկանության բաժնի տեսախցիկների ձայնագրությունները ջնջվեն, այնինչ դրանք շա՜տ հետաքրքիր բացահայտումներ էին խոստանում թե նախաքննական մարմնին, թե հսկող մարմնին, և թե հատկապես պարեկային ծառայության ջատագովներին ու մանավանդ իրավապաշտպաններին: