Թուրքիայի ֆիննախը կոչ է արել անտեսել ԱՄՆ-ի ֆիննախի պատժամիջոցների սպառնալիքները՝ ՌԴ-ի հետ կապերի պատճառով
Թուրքիայի ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին դիմել է երկրի գործարար շրջանակներին՝ կոչ անելով անտեսել ԱՄՆ ֆիննախից հնչող սպառնալիքները ռուսական բիզնեսի հետ համագործակցության պատճառով հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջին։
«Անիմաստ է, որ թուրքական բիզնես ասոցիացիաներին ուղարկված նամակը մտահոգություն է առաջացրել մեր գործարար շրջանակներում։ Թուրքիան համաշխարհային քաղաքական եւ տնտեսական կարեւորագույն կենտրոններից է։ Մեր գործարար շրջանակները պետք է միշտ իրենց կողքին զգան իրենց պետության ուժը»,- գրել է Նեբաթին։
Նախօրեին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նամակ էր հղել Թուրքիայի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միությանը (TUSIAD)՝ նախազգուշացնելով Ռուսաստանի հետ համագործակցության հետեւանքների մասին։ Վաշինգտոնը նշել է, որ եթե թուրքական ընկերությունները շարունակեն համագործակցել Ռուսաստանից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ, նրանք կարող են պատժամիջոցների տակ հայտնվել։
Թուրքական Yeni Şafak թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ներկայացուցիչները «բացահայտ» սպառնացել են թուրք գործարարներին՝ Ռուսաստանի հետ կապերի պատճառով։ Գերատեսչության աշխատակիցները, իբր, հարցաքննել են թուրքական կողմին ռուսներին անշարժ գույքի վաճառքի պայմանագրերի մասին։