Թուրքիայի ԱԳՆ-ն գոհունակություն է հայտնել Բերձորը, Աղավնոն և Սուսն Ադրբեջանին հանձնելու առնչությամբ
Թուրքիայի ԱԳՆ-ն գոհունակություն է հայտնել Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը, ինչպես նաև Աղավնո և Սուս գյուղերն Ադրբեջանին հանձնելու առնչությամբ: Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Մենք հուսով ենք, որ այս փաստը, որը կարևոր քայլ է դարձել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում, կնպաստի տարածաշրջանային կապերի կարգավորմանը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը։ Թուրքիան, ինչպես նախկինում, կշարունակի աջակցել եղբայրական Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանը» (չակերտները՝ Tert.am) և ինքնիշխանությանը», - ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշենք, որ ադրբեջանական բանակն ուրբաթ մտել ու տեղակայվել է Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր վարչական կենտրոնում, Աղավնո և Սուս գյուղերում, ինչի մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Հիշեցնենք` օգոստոսի 5-ին հայտնի է դարձել, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։
Դրանից մեկ օր առաջ` օգոստոսի 4-ին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ Լաչինի միջանցք կոչվող ճանապարհի այլընտրանքային հատվածի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչև գարուն կավարտվեն։
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասվում է, որ երեք տարում նոր ճանապարհ է կառուցվելու, որը կապելու է Արցախը Հայաստանի հետ։