Կարդացեք և համեմատեք ներկայիս իրականության հետ
Կարդացեք ներքոշարադրյալը և համեմատեք ներկայիս իրականության հետ:
Մասնագետների համար իհարկե նորություն չէ, բայց հանրության լայն շրջանակները պետք է ծանոթ լինեն մեր պատմությանը, որպեսզի երբեմն գոնե կարողանան դասեր քաղել…
Բաթումի պայմանագիր/դաշնագիր, 1918թ հունիսի 4
Բաղկացած է 14 հոդվածից և 2 լրացուցիչ պայմանագրից
Անվանումը. «Հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան Կայսրության կառավարության և հայկական գավառների գերագույն և միակ իշխանության՝ Թիֆլիսի Հայոց Ազգային Խորհրդի միջև»: Ուշադիր եղեք, նույնիսկ Հայաստան անվանումը չկա, երբ մայիսի 28-ից արդեն հռչակվել էր վերջինիս անկախությունը:
Մեջբերեմ ընդամենը մի քանի հոդված: Հետաքրքրելու դեպքում՝ կարող եք անցնել հղումներով և ավելի մանրամասն կարդալ:
1-ին հոդվածով հռչակվում էր «խաղաղություն և հարատև բարեկամություն» երկու կառավարությունների միջև: Ծանո՞թ է,չէ՞
Հայկական Հանրապետության կառավարությունն անհապաղ ձեռնամուխ կլինի իր զորքերի զորացրմանը: Այդ զորքերի քանակը, ինչպես և այն ռազմական շրջանները, որոնց մեջ դրանք կլինեն, կորոշվեն Օսմանյան կայսերական կառավարության հետ համաձայնեցնելով:
Պետք է վերանային ֆիդայական բոլոր ջոկատները, նաև Անդրանիկինը։
Նախատեսվում էր Թուրքիայի ռազմական օգնությունը, եթե ՀՀ խնդրեր նրանից՝ «երկրի ներսում կարգն ու հանգստությունն ապահովելու համար»: Ակնհայտ է, որ այս հոդվածով Թուրքիան երբ ուզեր,զորք էր մտցնելու Հայաստան:
Պայմանագրով Հայաստանի տարածքը կազմում էր 12 հազար կմ/2,
Թուրքիային էր անցնում երկաթուղին...
Ճանաչվում էր Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանին էր մնում Սևանը, Երևանը, Էջմիածինը։ Գերմանացի դիվանագետներից մեկ խոսքերով՝ «հայերին թողեցին Սևանում լողանալու տեղ, բայց չորանալու տեղ չթողեցին»։
Հայաստանը իրավունք չուներ հարաբերություններ հաստատել Անտանտի երկրների հետ:
Դեռևս 1918 թվականի մայիսի 14-ին, թուրքական պատվիրակությունը անդրկովկասյան պատվիրակության հետ բանակցությունների ընթացքում պահանջել էր իրեն հնարավորություն տալ «բարեկամաբար օգտագործել Ալեքսանդրապոլ–Ջուլֆա երկաթուղագիծը»:
Չսպասելով պատասխանի` թուրքական զորքերը հաջորդ օրը գրավել են Ալեքսանդրապոլը:
Միայն այսքանը բավական է, որ տեսնեք պատմության կրկնությունը: Բայց հոգ չէ, կարևորը Ռուսաստանի դեսպանատան բողոքի նոտայի դեմ ակտիվ պայքարենք,ֆլեշմոբեր անենք, հետո էլ անցնենք ռուսական զորքերի/խաղաղապահների դուրսբերմանը Հայաստանից և Արցախից, որ Թուրքիան և Ադրբեջանը հարմար տեղավորվեն…
Արսեն Ջուլֆալակյան