Ոստիկանը ծխախոտի մնացորդը մեքենայից գցել է, իսկ նկատողության արած քաղաքացուն հորդորել խոտի վրա չքայլել
ԳլխավորՄարզահամերգային համալիրի տարածքում ոստիկանների և քաղաքացու միջև վիճաբանություն է սկսվել, երբ քաղաքացին նկատողություն է արել ոստիկանության կապիտանին, թե ինչու է նա ծխախոտի մնացորդը ավտոմեքենայից գցում: Ոստիկանին նկատողություն արած Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ոստիկանը փորձել է «հակադարձել». «Քաղաքացի՛, իսկ դու ինչո՞ւ ես գազոնի վրա կանգնել։ Դուք չգիտե՞ք, որ գազոններում չի կարելի քայլել: Այստեղ օրենք չկա, այստեղ կարգապահություն է: Սա հուշարձան է, իր ներքին կանոնադրությունն ունի»:
Այնուհետեւ ոստիկանը քաղաքացուց պահանջել է անձը հաստատող փաստաթուղթ՝ պատճառաբանելով, որ քաղաքացին հնարավոր է հետախուզման մեջ լինի: Վիգեն Սարգսյանը փորձել է բացատրել, թե ինչու չպետք է աղբը թափել չթույլատրված հատվածում, ոստիկաններն էլ պատասխանել են. «Քաղաքացի՛, ինձ մի ասա, եթե այդքան մաքրության մասին մտածում ես, գնա քաղաքացիներին ասա: Դուք հիմա խոչընդոտում եք իմ աշխատանքը»:
Հիշեցնենք, որ աղբը չթույլատրված հատվածում թափելու համար քաղաքացիները տուգանվում են 50 հազար դրամով: Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը նախագիծ է մշակել, որով չթույլատրված վայրերում աղբ գցելու համար 200 հազար դրամ տուգանք կսահմանվի գործող 50 հազար դրամի փոխարեն: