Թուրք 424 մտավորականներ կոչ են արել կառավարությանը բացահայտել Կարո Փայլանի դեմ մահափորձի ծրագիրը
Թուրքիայի 424 մտավորականներ ստորագրել են հայտարարության տակ, որով կոչ է արվում բացահայտել Կարո Փայլանի դեմ 2016 թվականին ծրագրված և չիրագործված մահափորձի ծրագիրը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:
Ըստ աղբյուրի՝ 424 գրողներ, լրագրողներ, քաղաքական գործիչներ և արվեստագետներ, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ և կոչ արել կառավարությանը, քաղաքական կառույցներին և ողջ Թուրքիային քայլեր ձեռնարկել խորքային պետության և մաֆիոզ ուժերի դեմ ու բացահայտել Կարո Փայլանի դեմ 2016-ին նախապատրաստված և կիսատ մնացած մահափորձի ծրագիրը։
«Այն, ինչ ամրապնդում է այս մութ ուժերի անխոհեմությունը, նրանց վստահությունն է, որ նրանք չեն ենթարկվելու քրեական պատժամիջոցների, նույնիսկ եթե կարող են սպառնալ բոլորին: Այս վստահությունն ուժ է ստանում ներկայիս քաղաքական մթնոլորտից: Այս մթնոլորտը պետք է անհապաղ փոխվի»,- ասվում է հայտարարության մեջ։
Օրեր առաջ Կարո Փայլանի փաստաբանը գրառում էր արել, որ Կարո Փայլանին սպանելու համար 2016-ին որոշ շրջանակներ զենք են մտցրել Թուրքիայի խորհրդարան, սակայն մեկ այլ խմբավորում խափանել է այդ ծրագիրը։