Սերժ Սարգսյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը կրկին հետաձգվել է
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Վահե Միսակյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով հերթական դատական նիստն այսօր կրկին հետաձգվել է՝ վկա Սևան Քոչարյանի, ում ցուցմունքի հիման վրա է հարուցվել գործը, նիստին չներկայանալու պատճառով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից:
Նախորդ դատական նիստը ևս հետաձգվել էր, քանի որ գործով վկաները կրկին չէին ներկայացել դատարան: Նրանցից մեկին ոստիկանությունը պետք է դատարանի որոշմամբ բերման ենթարկեր նիստին:
Այսօր դատավորը հայտարարել է, որ կրկին կդիմեն ոստիկանություն՝ վկա Սևան Քոչարյանին հաջորդ նիստին բերման ենթարկելու համար:
Մյուս վկան դատարանին տեղեկացրել էր, որ անձնական պատճառներով բացակայում է երկրից և չի կարող ներկա գտնվել նիստին: