Արևմուտքը չի կարող մեկուսացնել Ռուսաստանին. The Spectator
Հակառուսական պատժամիջոցները նշանակում են, որ Մեծ Բրիտանիան այլևս նավթ և գազ չի ստանում անմիջապես Ռուսաստանից: Միևնույն ժամանակ, Արևմուտքը չի կարող մեկուսացնել Ռուսաստանին։ Այս մասին գրում է The Spectator-ը։
«Մեծ Բրիտանիան, գոնե առայժմ, հասել է իր հիմնական նպատակներից մեկին. նա հրաժարվել է ռուսական նավթից և գազից: Հունիսին Ռուսաստանից վառելիքի ներկրում չի եղել։ Ի հակադրություն՝ մինչև փետրվար ընկած 12 ամիսների ընթացքում Մեծ Բրիտանիայի հում նավթի ներմուծման 5,9%-ը, մեր վերամշակված նավթի ներմուծման 24,1%-ը և գազի ներմուծման 4,9%-ը բաժին է ընկել Ռուսաստանին: Ընդհանուր առմամբ, հունիսին Ռուսաստանից ներկրվել է 33 մլն ֆունտ ստերլինգի ապրանք, ինչը 96,6%-ով պակաս է մինչև փետրվարի միջին ամսական ցուցանիշից: Ապրանքները, որոնք շարունակում են ներմուծվել Ռուսաստանից, ներառում են ավտոմեքենաներ, երկաթ և պողպատ, օգտակար հանածոներ և թղթե արտադրանք: Դեպի Ռուսաստան արտահանումը զգալիորեն պակասել է»,- նշում է The Spectator-ը։
Հոդվածի հեղինակը պարզաբանում է, որ Մեծ Բրիտանիան մեծացրել է Բելգիայից մատակարարումների ծավալը։
«Բայց Բելգիան չունի նավթի պաշարներ, ունի միայն գործարաններ, որոնք ստանում են այլ երկրներից ներկրվող հում նավթը»,- ընդգծել է նա։
Ինչպես նշվում է հոդվածում, Ռուսաստանի տնտեսությունը կարող է լրջորեն տուժել Արևմուտքի պատժամիջոցներից։ Այնուամենայնիվ, արդարացի է ենթադրել, որ դրանք այնքան էլ կատարյալ չեն, որքան փորձում են համոզել, և որ կա ռուսական արտահանման որոշակի արտահոսք դեպի Արևմուտք։
«Ո՛չ Մեծ Բրիտանիան, ո՛չ արևմտյան երկրները միասին չեն կարող մեկուսացնել Ռուսաստանին։ Թեև Մոսկվան ավելի քիչ նավթ և գազ է արտահանում Արևմուտք, սակայն ավելացրել է իր մատակարարումները Հնդկաստան և Չինաստան: Կարո՞ղ ենք վստահ լինել, որ այս էներգակիրներից մի քանիսը չեն վերադառնա Մեծ Բրիտանիա»,- եզրափակում է հոդվածագիրը։