Բախվել են Chrysler-ն ու Volkswagen-ը․ կա զոհ․ մահացածը 2 օր առաջ ՌԴ-ից ժամանել էր Հայաստան՝ քրոջ հարսանիքին մասնակցելու համար
Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի՝ Սպիտակի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Chrysler և Volksagen Golf մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր« ԲԿ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Սպիտակի և Վանաձորի բժշկական կենտրոնների շտապօգնության բրիգադները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Բախման հետևանքով Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում։
Փրկարարները Volkswagen-ի միջից դուրս են բերել տղամարդու դի։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ՌԴ քաղաքացի էր, 2 օր առաջ մասնակցելիս է եղել քրոջ հարսանեկան արարողությանը և Լոռու մարզից մեկնում էր Տավուշի մարզ՝ ծնողների մոտ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն են «Վանաձոր» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Վահագն Մկրտչյանն ու նշված ԲԿ-ի փոխտնօրեն Մեսրոպ Հազրոյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Volkswagen-ի վարորդը, ով Սպիտակից դեպի Վանաձոր ընթանալիս դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Chrysler-ին, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում։