ԱԻՆ-ն ամփոփել է «Սուրմալու»-ում իրականացրած աշխատանքները
ՀասարակությունԱրտակարգ իրավիճակների նախարարությունն ամփոփել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում իրականացրած աշխատանքները:
Օգոստոսի 14-ից 24-ն ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին հերթափոխերով մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից 1388 փրկարարական ծառայող։
Հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին հերթափոխերով ներգրավվել է 54 ավտոբաք, 15 ավտոսանդուղք, 28 փրկարարական և 30 օժանդակ ավտոմեքենա, ինչպես նաև 2 ԱԹՍ։
Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 63 քաղաքացի, որոնցից 2-ը դեռևս շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանները տեղում, ինչպես նաև թեժ գծի միջոցով 69 քաղաքացու ցուցաբերել են հոգեբանական աջակցություն։
Արձագանքման գործընթացներին մասնակցել են նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի խումբը, Հայկական Կարմիր Խաչի ընկերության կամավորական խմբերը, Ողջ մնալու արվեստ (ՈՄԱ) ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության մասնագիտացված խմբերը, ՌԴ և Գերմանիայի քաղաքացիներ՝ իրենց վարժեցրած շներով, ինչպես նաև այլ կազմակերպություններ և անհատ կամավորներ։
Հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են նաև քաղաքապետարանից և մասնավոր ընկերություններից տրամադրած ջրատար, բեռնատար, աղբատար տեխնիկա, ինչպես նաև տրակտորներ, վերամբարձ կռունկներ և այլ տեխնիկա։ Դեպքի վայրում հերթապահել են նաև շտապօգնության բրիգադներ:
Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ին՝ ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։
Հրդեհից և պայթյունից հետո փրկարար ծառայողները փլատակներից դուրս են բերել 26 քաղաքացու, այդ թվում՝ 10 ողջ, 16 մահացած։