Յոթ ուժ պայքարում է մեկ տեղի համար․«Հրապարակ»
Սիսիանում թեժ ընտրապայքար է, ինչպես սիսիանցիներն են ասում՝ մրցակիցներն իրար միս են ուտում։ Ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 7 քաղաքական ուժ։
«Համերաշխություն» եւ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցություններից կազմված «Աշխատանք եւ արդարություն» դաշինքի ցուցակը գլխավորում է գյուղատնտեսությամբ զբաղվող Հայկ Առաքելյանը, ընդդիմադիր նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանի «Մեկ Հայաստան» կուսակցության ցուցակը՝ Սիսիանի ավագանու նախկին անդամ Մարտին Հարությունյանը, ՀՅԴ թեկնածուն գեղանկարիչ, ազատամարտիկ Աշոտ Ավագյանն է։ «Արդարություն» եւ «Քաղաքացու որոշում» կուսակցությունների ձեւավորած «Զարգացող համայնք» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարը Մհեր Ազոյանն է։
«Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորում է գործարար Արա Զաքարյանը։ Նա, ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի, պիտի լիներ ՔՊ թեկնածուն, սակայն նրան չվերցրին, բայց Սիսիանի ՔՊ-ի մի թեւը Զաքարյանի կողքին է, ավելի ճիշտ՝ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի մրցակիցներն ամեն ինչ անում են, որ վերջինիս դիրքերը թուլացնեն, ու հաղթի Զաքարյանը։
Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» ցուցակը գլխավորում է շախմատի ուսուցիչ Սեւակ Մուսաթյանը։ Իսկ ՔՊ-ի թեկնածուն, ինչպես հայտնի է, Սիսիանի համայնքապետի ԺՊ Արմեն Հակոբջանյանն է՝ Կարեն Հակոբջանյանի ազգականը։ Մեր տեղեկություններով՝ նախընտրական հայտերից հետո Հակոբջանյանի թիմում խոր հիասթափություն է տիրում, ոմանք զենքերը վայր են դրել, կարծում են, որ Հակոբջանյանի շանսերը փոքր են, ու պետք չէ զուր ջանքեր գործադրել։ Վաղը ցուցակների գրանցման օրն է, չի բացառվում, որ առաջադրված ուժերից ոմանք լքեն ընտրապայքարը։