Հունաստանի կառավարությունը որոշել է երկիրը պարսպով մեկուսացնել Թուրքիայից
Հույն-թուրքական սահմանին պարիսպ կկառուցվի Էվրոս գետի ողջ երկայնքով, երեքշաբթի որոշումը կայացրել է Հունաստանի կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության խորհուրդը։ Նիստը վարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։
«Նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ինչպես մեր ցամաքային, այնպես էլ ծովային սահմաններից մեր երկիր ապօրինի մուտքի պատճառով ճնշումների ավելացման խնդիրը։ Որոշվել է աստիճանաբար ընդլայնել պարիսպը Էվրոսի ողջ երկայնքով՝ առաջնահերթությամբ ընդգրկելով վիճելի կետերը, որոնք սահմանվել են համապատասխան նախարարությունների և ազգային պաշտպանության գլխավոր շտաբի կողմից», – ասված է հաղորդագրությունում: Որոշում է կայացվել նաև արդիականացնել և ուժեղացնել սահմանին հսկողության սարքավորումները:
Կառավարության խոսնակ Իկոնոմուն երեքշաբթի ասել է, որ թուրքական իշխանությունները կրկին փորձում են ներգաղթը որպես գործիք օգտագործել, իսկ ներգաղթային ճգնաժամի նոր փուլը տեղի է ունենում Հունաստանի վրա «հիբրիդային հարձակման պես»։
«Օգոստոսի 18-ին ընդամենը մեկ օրվա ընթացքում ավելի քան 1500 ներգաղթյալներ փորձել են անցնել Էվրոսը: Անցյալ շաբաթ Հունաստանի իշխանությունների կողմից փրկված 38 միգրանտներ բողոքել են, որ թուրքական իշխանությունները բռնի կերպով իրենց տեղափոխել են Էվրոսի կղզի: Վերջին օրերին 60 մաքսանենգ է ձերբակալվել և պատասխանատվության ենթարկվել», – ասել է Իկոնոմուն: Անցյալ շաբաթ մոտ 40 միգրանտ արգելափակվել է Էվրոս գետի կղզում, իսկ 5-ամյա մի աղջիկ մահացել է կարիճի խայթոցից: Հունաստանի իշխանությունները հայտարարել են, որ պատասխանատվություն չեն կրում միգրանտների հետ տեղի ունեցած միջադեպի համար, քանի որ կղզին գտնվում է Թուրքիայի տարածքում։
Այն բանից հետո, երբ 2020 թվականի փետրվարի վերջին-մարտի սկզբին Թուրքիայից հազարավոր անօրինական միգրանտներ փորձեցին ներխուժել հունական տարածք, Հունաստանը կառուցեց նոր 26 կիլոմետրանոց պարիսպ և արդիականացրեց ցանկապատի հին հատվածները՝ 10 կիլոմետր երկարությամբ, Էվրոսի հյուսիսարևելյան շրջանում:
Հունաստանի և Թուրքիայի միջև սահմանի երկարությունը Էվրոսում կազմում է մոտ 200 կիլոմետր։