Շուշին հանձնելու տարբերակ չի քննարկվել. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Պատերազմից կարելի էր խուսափել, եթե հայկական կողմը համաձայներ Ադրբեջանին հանձնել յոթ շրջանները՝ ներառյալ Շուշին»,- սա հատված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ նոյեմբերի 16-ին արած հայտարարությունից:
Այս հայտարարությունից հետո՝ մոտ մեկ տարի անց՝ հոկտեմբերի 4-ին՝ Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, նա վերահաստատել էր Շուշիի մասին նախկին արած հայտարարությունն ու հայտարարել. ««Միշտ էլ Շուշիի հարցը եղել է, որովհետեւ Ադրբեջանը երբեք չի հրաժարվել էն մտքից, որ Ղարաբաղի ադրբեջանցիները պիտի վերադառնան եւ բնակվեն Ղարաբաղում:
Հայկական կողմն էլ էր ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիները պետք է մասնակցեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի համար անցկացվելիք հանրաքվեին՝ որպես Լեռնային Ղարաբաղի բնակիչ։ Բա Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի բնակիչները որտե՞ղ էին բնակվելու։ Բնակիչ նշանակում է բնակության տեղ ունեցող, չէ՞։ Որտե՞ղ էին բնակվելու. տրամաբանորեն այնտեղ, որտեղ բնակվել են, եթե նրանք էդտեղ բնակված լինելու հանգամանքով են այդ կարգավիճակը ստանում»:
Այս հայտարարությունից անմիջապես հետո այն ժամանակ Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հակադարձել էր Փաշինյանին՝ հայտնելով, որ խաղաղ գործընթացի որեւէ փուլում Շուշի քաղաքի հարցը չի դրվել:
Փաշինյանին նոյեմբերի 17-ին հակադարձել էր նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հոկտեմբերի 2-րդ կեսին հաջողվել էր համոզել դադարեցնել ռազմական գործողությունները՝ պայմանով, որ իրականացվի փախստականների վերադարձ, այդ թվում՝ Շուշի: Ըստ այդ պայմանավորվածության՝ թեեւ փախստականները կարող էին վերադառնալ շուշի, բայց Շուշին Արցախի կազմում էր մնալու։
Փաշինյանը, սակայն, դեմ է արտահայտվել այդ մտքին՝ պնդելով, որ դա կվտանգի հայկական կողմի շահերը։ «Ենթադրվում էր, որ խաղաղ բնակիչները կվերադառնան Շուշի, հայկական կողմը պահպանում էր վերահսկողությունը Ղարաբաղի տարածքի այդ մասի նկատմամբ՝ ներառյալ Շուշին, եւ նկատի ունենալով մեր խաղաղապահների առկայությունը, իսկ մենք արդեն այդ ժամանակ պայմանավորվել էինք Հայաստանի եւ Ադրբեջանի հետ»,- մանրամասնել էր ՌԴ նախագահը։
Այսինքն՝ Փաշինյանի պնդումը, թե մինչ պատերազմը Ադրբեջանը պահանջել էր յոթ շրջանները եւ Շուշին, սխալ է, քանի որ, ինչպես հայտարարել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, բանակցությունների ընթացքում Շուշին հանձնելու որեւէ տարբերակ չի քննարկվել։ Ստացվում է՝ Փաշինյանը, Շուշիի հանձնումը դիտարկելով որպես բանակցային գործընթացի անքակտելի մաս, հերթական անգամ ստել է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: