Դժգոհ են ոչ թե հանձնելուց, այլ ժամկետից շուտ հանձնելուց. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․
«ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեկ նույնպես մասնակցում էր «Double Tree By Hilton» հյուրանոցում ընթացող ԳԽ խորհրդանշական նիստին: Նա լրագրողների հետ զրույցում ակամա խոստովանեց, թե իրենք գիտեին, որ Բերձորն ու Աղավնոն հանձնելու են, պարզապես ժամկետից շուտ հանձնվեց, ու իր խոսքերից հասկացանք, որ խնդիրը ոչ թե բուն մեր տարածքները հանձնելն էր, այլ ժամկետների խախտումով հանձնելն ու այդ ընթացքում այլընտրանքային ճանապարհ չկառուցելը։
Երբ հարցրինք՝ ընդդիմությունը, այդ դեպքում, ինչի՞ համար էր պայքարում, եթե այդ մի բանն էլ հանձնեցին այս իշխանությունները, ու իրենք էլի չկարողացան դա կանխել, Օհանյանն այսպես արձագանքեց․
«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կայացած փաստաթուղթ է, եւ դա կնիքն է այսօրվա իշխանությունների՝ 2018 թվականից սկսած գործունեության։ Իրենք այդ կնիքով ամրագրել են այդ բոլոր պարտությունները, այն կապիտուլյացիան, որը տեղի ունեցավ։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ փաստաթղթի համապատասխան կետին, այնտեղ նշված է, որ համապատասխան ժամանակահատվածում պետք է աշխատեն նոր կառուցվող ճանապարհի նախագծի վրա, որից հետո արդեն կերեւա՝ այդ ճանապարհը երբ կկառուցեն։ Ադրբեջանցիները դա կատարել են ժամանակից շուտ, բայց, այնուամենայնիվ, նույն՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով ամրագրված է, որ պետք է միջանցք լինի՝ 5 կմ լայնությամբ, Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ։ Երբ խոսում ենք Աղավնոյի, Բերձորի՝ ժամանակից շուտ հանձնումից, այդ հարցը պետք է տալ այսօրվա իշխանություններին, թե ինչու են ժամանակից շուտ հանձնել, ինչու են խախտում պայմանագրի համապատասխան կետի պահանջները, ինչու է տեղի ունենում, ասենք, բանավոր պայմանավորվածություն այն ամենի, ինչ որ տեղի է ունեցել այդ հայտարարության մեջ»։
Այսինքն՝ մեր խնդիրը, փաստորեն, ոչ թե Բերձորի, Աղավնոյի կամ որեւէ այլ տարածքի բուն հանձնումն էր, այլ ժամկետների խախտումն ու նոր ճանապարհի չկառուցո՞ւմը, թե՞ դիմադրության շարժման պայքարն ավելի շատ հանձնման դեմ էր։ Օհանյանն ասաց․ «Տեսեք, դիմադրության շարժման հետ մենք փորձում ենք ամեն ինչ կապել։ Դիմադրության շարժման խորհուրդը, մենք ասել ենք` «ո՛չ Հայաստանի թուրքացմանը»։ Այսինքն՝ ստեղծված իրավիճակն է թելադրում այսօրվա հանրությանը, առանձին անհատներին, Գերագույն խորհրդի պատգամավորներին, այսօրվա Ազգային ժողովի պատգամավորներին, ընդդիմությանը՝ անդրադառնալ դրան, որովհետեւ տեսնում ենք անկախության կորուստ։ Դիմադրության շարժման հիմնական նպատակներից մեկը նաեւ՝ թույլ չտալ, որ ինչ-որ այլ փաստաթղթեր ստորագրեն»»։
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։