Սիսիանում քարի վերամշակման արտադրամաս է վերագործարկվել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը օգոստոսի 23-ին Սիսիան քաղաքում մասնակցել է «VH Stone» քարի վերամշակման արտադրամասի վերագործարկման միջոցառմանը։
VH Stone ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին։ 2015 թվականից ընկերությունը պատկանում է ԶՊՄԿ-ին: Նախկինում շուրջ 120 աշխատատեղ ապահոված ձեռնարկությունը դադարեցրել էր գործունեությունը 2019 թվականին և չէր գործում ավելի քան 3 տարի։ Այս տարի ԶՊՄԿ-ի նոր ղեկավարությունը որոշում է կայացրել գործարանը վերագործարկել։
Վերագործարկման նախապատրաստական աշխատանքները սկսվել էին 2022 թվականի մայիսին։ Գործարանն արդեն ունի 40 աշխատատեղ։ Արտադրության ծավալը կազմում է ամսական 2500 քմ արտադրանք։ Գործարանը հնարավորություն ունի ընդլայնելու իր արտադրական հզորությունը մինչև 5000 քմ՝ ապահովելով մինչև 80-100 աշխատատեղ։
Աշխատողների գրեթե 100%-ը տեղացիներ են։ «VH Stone» քարի վերամշակման գործարանը միակ գործող արդյունաբերական ձեռնարկությունն է Սիսիանում։
Նախարարը ողջունել է ՁՊՄԿ ղեկավարությանը և հույս հայտնել, որ գործարանի վերագործարկումը տնտեսական աշխուժություն կառաջացնի Սիսիանում. կստեղծվեն նոր աշխատատեղեր, ինչպես նաև որակյալ արտադրանքը կարտահանվի արտերկիր։ Նախարարը կարևորել է նոր տեխնոլոգիաներով վերազինված արտադրամասի առկայությունը մարզում։