Աննա Հակոբյանն այցելել է Դաշտադեմի ամրոց, զրուցել Թալինի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Արագածոտնի մարզում այցելել է Դաշտադեմի ամրոց։ Ամրոցի հնագիտական արշավախմբի ղեկավար Աստղիկ Բաբաջանյանը Աննա Հակոբյանին ներկայացրել է ամրոցի պատմությունը՝ շեշտելով, որ այն Հայաստանի բացառիկ պատմամշակութային հուշարձաններից մեկն է։
Դաշտադեմի ամրոցը Անիի ամրաշինական համակարգի մասն է եղել, նրա հանգույցներից մեկն է և կառուցված է նույն սկզբունքով, ինչ Անի քաղաքի պարսպապատերը։ Ամրոցի հիմնադրումը թվագրվում է 12-րդ դարով։ Ամրոցը Զաքարյանների իշխանական տոհմի վարչական կենտրոններից մեկն է եղել։
Բաբաջանյանը վարչապետի տիկնոջ հետ շրջայցի ընթացքում պատմել է նաև ամրոցում կատարված հնագիտական պեղումների և վերականգնման աշխատանքների մասին։ Նրա խոսքով՝ 2015 թ. ԱՄՆ դեսպանատան մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցներով իրականացվել է ծրագիր, որի շրջանակներում կատարված լայնամասշտաբ պեղումների արդյունքում բացվել է ներքին շրջապարիսպը՝ իր 11 կիսակլոր աշտարակներով, երկու դարպասներով, ևս մեկ մոնումենտալ կառույց, որը նույնպես վերագրվում է Զաքարյանների շրջանին։
Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչը Աննա Հակոբյանին հրավիրել է մասնակցելու սեպտեմբերի 24-ին Դաշտադեմի ամրոցում անցկացվելիք «Զարկ ֆեստ» մշակութային փառատոնին, որի շրջանակներում ներկայացվելու են տարածաշրջանում ապրող բնակիչների կենցաղն ու մշակույթը, երգն ու պարը։
Դաշտադեմ համայնքում Աննա Հակոբյանը կարճատև հանդիպում է ունեցել նաև Թալինի «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ, հետաքրքրվել համայնքում առկա խնդիրներից։