Աննա Հակոբյանը Թալինում այցելել է Գեղարվեստի դպրոց և «Նավակ» մանկական զարգացման կենտրոն
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է Թալին համայնքի գեղարվեստի դպրոց։ Տեղեկացնում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակը։
Դպրոցի տնօրեն Արմեն Միքայելյանը, դիմավորելով Աննա Հակոբյանին, նրան ներկայացրել է դպրոցի պատմությունը, իրենց սաների աշխատանքները։ Տնօրենի խոսքով՝ 7-ամյա ուսման ծրագրով դպրոցում ուսանում են 95 աշակերտ, որոնք հաճախում են կարպետագործության, գորգագործության, նկարչության, քանդակագործության, մանրանկարչության և այլ խմբակներ։ Աննա Հակոբյանը շրջայց է կատարել գեղարվեստի տարբեր ճյուղերի սրահներում՝ զրուցելով երեխաների հետ։ Երեխաները նրան են ներկայացրել իրենց աշխատանքները, մասնավորապես՝ գունազարդ գորգեր, կարպետներ և սիրով վարչապետի տիկնոջը նվիրել իրենց գործած գորգերից մեկը։
Տիկին Հակոբյանը հետաքրքրվել է, թե ինչպես է կատարվում երեխաների կողմից խմբակների ընտրությունը, դպրոցի տնօրենը նշել է, որ երեխաները ծնողների հետ ընտրում են, թե գեղարվեստի որ ճյուղում են ուզում ուսանել, այնուհետև նրանք հնարավորություն ունեն նաև փոխելու իրենց բաժինները։
Տնօրեն Միքայելյանը ցուցադրել է նաև բակում տեղադրված խաչքարը, որի փորագրության աշխատանքներին մասնակցել է իրենց դպրոցի մոտ 100 սան։
Աննա Հակոբյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար, հաջողություն է մաղթել դպրոցի սաներին՝ գալիք ուսումնական տարում մեծ ձեռքբերումներ և բարձր առաջադիմություն մաղթելով։
Թալինում Աննա Հակոբյանի հաջորդ կանգառը «Նավակ» մանկական զարգացման կոնտրոնում էր։ Վերջինիս ղեկավար Անի Ասլանյանը վարչապետի տիկնոջը հայտնել է, որ 2020-ից գործող կենտրոն հաճախում է 6-15 տարեկան՝ հիմնականում անապահով ընտանիքների և հատուկ կարիքներով շուրջ 120 երեխա։
Աննա Հակոբյանը շրջայցի ընթացքում ծանոթացել և զրուցել է նաև Արցախից տեղահանված ընտանիքների երեխաների հետ, ովքեր այժմ բնակվում են Թալինում և հաճախում են զարգացման կենտրոն։
Վարչապետի տիկինը նկարչության դասին ներկա արցախցի երեխաներից հետաքրքրվել է, թե ինչ մասնագետ են ուզում դառնալ և նրանց հետ նկարել է երեխաների նախընտրած պատկերները։