Թալիբները Փանջշերում գրոհել են ընդդիմության ուժերի վրա. կան սպանվածներ
«Թալիբան» շարժման ուժերը օգոստոսի լույս 23-ի գիշերը գրոհել են Փանջշերում Ազգային դիմադրության ճակատի հակաթալիբյան ստորաբաժանման վրա. կան սպանվածներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
«Անցած գիշեր թալիբները գրոհել են Փանջշերի նահանգի Հինջ շրջանի Ազգային դիմադրության ճակատի (ԱԴՃ) ուժերի վրա, որի հետեւանքով թալիբների ութ զինյալ սպանվել Է, երեքը՝ վիրավորվել»,-օգոստոսի 23-ին հաղորդել Է Aamaj News լրատվական գործակալությունը:
Դրա հետ մեկտեղ ԱԴՃ-ի կորուստների մասին չի հաղորդվում: Նշվում Է, որ թալիբների գրոհները ձեռնարկվել են այն բանի համար, որպեսզի վերցնեն թալիբների նախորդ մարտական բախումների ընթացքում 20 զոհվածների մարմինները, որոնք մի քանի օր մարտի դաշտում են մնացել Հինջի շրջանի լեռներում:
Թալիբներն առայժմ չեն մեկնաբանել տեղի ունեցածը: Մարտական գործողությունների ակտիվացումն սկսվել Է այն բանից հետո, երբ անցած շաբաթ թալիբների գերագույն առաջնորդ մոլլա Հայբաթուլլա Ախունձադի հրամանով մոլլա Աբդուլ Քայյում Զաքիրը թալիբների կազմավորումների հրամանատար Է նշանակվել Փանջշերում եւ Անդարաբում: Թալիբների գերագույն առաջնորդը նաեւ մոլլա Մուհամմադ Թայյաբ Հաքանիին նշանակել Է անվտանգության ուժերի հրամանատար, իսկ մոլլա Մասաֆիրը դարձել Է Փանջշերում թալիբների բանակային կորպուսի հրամանատար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: