Չավուշօղլուն Հայաստանին մեղադրել է կարգավորման գործընթացում «անկեղծ» չլինելու համար
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը Հարավային Կովկասում «խաղաղության բանալին» է: Այս մասին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Anadolu-ն:
Շարունակելով թեման՝ Չավուշօղլուն ուշադրություն է հրավիրել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։
«Հատուկ ներկայացուցիչները (հայ-թուրքական կարգավորման գործընթացում երկու երկրների ներկայացուցիչները) չորս զրույց են ունեցել: Խոսքը կապերի աստիճանական կարգավորման մասին է։ Ադրբեջանի հաղթանակից հետո Թուրքիան հանդես եկավ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության օգտին։ Այս ուղղությամբ քայլերը շարունակվում են։ Խոսքը Հայաստանի հետ օդային հաղորդակցության վերականգնման մասին է և այլն։ Առևտրի ոլորտում որոշակի ջանքեր են գործադրվել»,- ասել է թուրք նախարարը։
Միևնույն ժամանակ, նա սուբյեկտիվ է անվանել Անկարայի և Երևանի երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումներից մեկուսացած ընկալելու փորձերը։
«Հարավային Կովկասում երկարաժամկետ «խաղաղության բանալին» Հայաստանի և Ադրբեջանի միջև մասշտաբային խաղաղության համաձայնագիրն է։ Բաքուն հայտարարել է իր նախաձեռնությունների մասին, որին Երևանը չի արձագանքել։ Աշխատանքները սկսելու համար ստեղծվել է համատեղ հանձնաժողով։ Խոսքը «Զանգեզուրի միջանցքի» մասին է։ Սակայն Հայաստանին սա մտահոգում է։ Երևանը պետք է որոշի՝ խաղաղություն ուզո՞ւմ է»,- շարունակել է Չավուշօղլուն:
Միաժամանակ նա ընդգծել է, որ երկու տարի անց հայկական զորքերը դեռ չեն լքել «Ադրբեջանի տարածքը»:
«Բոլորին ակնհայտ է կարգավորման գործընթացում Հայաստանի ոչ անկեղծությունը։ Երևանը պետք է իմանա, որ Անկարան Բաքվից թաքուն ծրագրեր չունի. մենք «խաղաղության» կողմնակից ենք»,- եզրափակել է նա: