12 տարվա ազատազրկում՝ Արգենտինայի գործող փոխնախագահի համար
Արգենտինայի Գլխավոր դատախազը կոռուպցիոն գործով 12 տարվա ազատազրկում է միջնորդել երկրի ներկայիս փոխնախագահ Քրիստինա Քիրշների համար, «Shantnews»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է TN-ը։
«Դատախազ Դիեգո Լուչիանին 12 տարվա ազատազրկում է խնդրել Քրիստինա Քիրշների համար։ Փոխնախագահը մեղադրվում է Սանտա Կրուս նահանգում հասարակական աշխատանքներում հօգուտ գործարար Լազարո Բաեսի բացահայտված կոռուպցիայի մեջ», – նշում է հեռուստաալիքը։
Խոսքը 2007-2015 թվականներին ձեռնարկատեր Բաեսի միջոցով հասարակական աշխատանքներ իրականացնելու մասին է, երբ պետության ղեկավարն էր Քիրշները։
Բացի այդ, դատախազը պահանջել է ցմահ զրկել Քիրշներին պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ Ազատազրկում է պահանջվել այս գործով այլ մեղադրյալների, այդ թվում՝ գործարար Բաեսի և մի քանի նախկին պաշտոնյաների համար: Նախկինում դատարաններն արդեն չեղարկել էին Քիրշների նկատմամբ ազատազրկման պահանջները, ում դեմ բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել։
Հանրային աշխատանքներում կոռուպցիայի գործով հետաքննությունն ու դատական նիստերը շարունակվում են արդեն մի քանի տարի։ 2019 թվականին քաղաքական գործիչն այս գործընթացը կապել է նոր ժամկետով իրեն ընտրվել թույլ չտալու փորձերի հետ։ Սակայն հետո նախագահական ընտրություններում հաղթեց Ալբերտո Ֆերնանդեսը, Քիրշները դարձավ երկրի փոխնախագահ։ Արգենտինայում նոր նախագահական ընտրությունները նշանակված են 2023 թվականին։