Երևանում Օpel-ը Դեմիրճյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազի բաշխիչ կայանին (լուսանկարներ)
Օգոստոսի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմանում Օpel մակնիշի ավտոմեքենան Դեմիրճյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհին տեղադրված գազի բաշխիչ կայանին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտաի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ: Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Դավիթ Սիմոնյանն ու Արսեն Ավետիսյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի մասնագետները, քանի որ բախման հետևանքով լուրջ վնաս է պատճառվել գազի բաշխիչ կայանին, ինչի պատճառով էլ մեծ թվով բնակելի հատված գազազրկվել է: Այս պահին «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ վթարը կարճ ժամանակում վերացնելու և գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ: Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Վ. Բաղդասարյանի կողմից նախաձեռնվել է վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը: