Ամերիկացի պրոֆեսորը մարդու վարքագիծը կանխատեսող ծրագրային ապահովում է ստեղծել Alibaba-ի համար
Մերիլենդի համալսարանի (UMD) պրոֆեսորը ծրագրային ապահովում է ստեղծել մեքենայական ուսուցման համատ չինական Alibaba տեխնոլոգիական հսկայի գիտահետազոտական դրամաշնորհի շրջանակներում, ինչը մտավախություն է առաջացնում, որ ԱՄՆ պետական համալսարանն ուղղակիորեն նպաստել է լրտեսությանը Չինաստանում, փոխանցում է The Daily Beast-ը։
Ըստ հետազոտական դրամաշնորհի՝ Alibaba-ն 125.000 դոլար է շնորհել հետազոտական խմբին՝ UMD College Park-ի համակարգչային գիտության պրոֆեսոր Դինեշ Մանոչիի գլխավորությամբ՝ քաղաքային հսկողության ծրագրայի ապահովման մշակման համար, որը կարող է «դասակարգել յուրաքանչյուր հետիոտնի ինքնությունը եւ որոշել մյուս կենսաչափական բնութագրերը»: «Այդ հնարավորությունները կօգտագործվեն յուրաքանչյուր հետիոտնի վարքագիծը կանխատեսելու համար եւ օգտակար են հետեւելու համար»,- ասվում է փաստաթղթում։
Alibaba-ի՝ հսկողության համար պրոդուկտները հայտնի դարձան 2020 թ., երբ հետազոտողները պարզեցին, որ դրա արտադրանքներից մեկը՝ Cloud Shield-ը, կարող է ճանաչել եւ դասակարգել ույղուրների դեմքերը:
Մանոչան ականավոր գիտնական է արհեստական ինտելեկտի եւ ռոբոտաշինության ոլորտում, ով մրցանակներ եւ պարգեւներ է ստացել Google-ի, IBM-ի եւ շատ այլ կազմակերպությունների կողմից: ԱՄՆ զինվորականները եւս շռայլորեն ֆինանսավորում են պրոֆեսորի հետազոտությունները՝ 68 միլիոն դոլարի պայմանագիր ստորագրելով Մանոչիի լաբորատորիայի հետ՝ արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների ռազմական կիրառությունների հետազոտման համար:
2018-ի հունվարին Մերիլենդի համալսարանը եւ Alibaba-ն 18-ամսյա հետազոտական պայմանագիր ստորագրեցին։
The Daily Beast-ի կողմից ստացված դրամաշնորհային փաստաթղթում Մանոչիի թիմը պարտավորվել է «սերտորեն աշխատել Alibaba-ի հետազոտողների հետ»՝ քաղաքին հետեւելու ծրագրային ապահովման մշակման համար, որը կարող է նույնականացնել հետիոտներին՝ ելնելով նրանց քայլվածքի յուրահատուկ նշաններից: Այնուհետեւ ալգորիթմը կօգտագործի քայլվածքի նշանները՝ քայլողներին որպես «ագրեսիվ», «ամաչկոտ», «իմպուլսիվ» եւ այլն դասակարգելու համար։
Դրամաշնորհը պահանջել է UMD հետազոտողներից փորձարկել ալգորիթմը Alibaba-ի կողմից տրամադրված տեսանյութերի վրա եւ անձամբ ներկայացնել իրենց բացահայտումները Alibaba-ի չինական լաբորատորիաներում: