Բրազիլիայի առաջին կայսրի զմռսված սիրտը անկախության 200-ամյակի կապակցությամբ հայրենիք են բերել
Բրազիլիայի առաջին կայսր Դոմ Պեդրո I-ի զմռսված սիրտը Պորտուգալիայից երկրի անկախացման 200-ամյակի կապակցությամբ հայրենիք են բերել, հայտնում է BBC-ն։
Սիրտը, որը պահվում է ֆորմալդեհիդով լցված կոլբայի մեջ, Պորտուգալիայից ռազմական ինքնաթիռով է բերվել:
Այն կընդունվի զինվորական պատիվներով, այնուհետեւ կցուցադրվի արտաքին գործերի նախարարությունում։
Բրազիլիայի անկախության օրվա տոնակատարություններից հետո սիրտը կվերադարձվի Պորտուգալիա։
Պորտուգալացի պաշտոնյաները հավանություն են տվել պահպանված օրգանի տեղափոխմանը Պորտո քաղաքից։
Դոմ Պեդրոն ծնվել է 1789 թվականին՝ Պորտուգալիայի թագավորական ընտանիքում, որն այդ ժամանակ նույնպես ղեկավարում էր Բրազիլիան։ Ընտանիքը փախել է այն ժամանակվա պորտուգալական գաղութ՝ Նապոլեոնի ներխուժած բանակից փրկվելու համար:
Երբ 1821 թվականին Դոմ Պեդրոյի հայրը՝ թագավոր Ջոն VI-ը, վերադարձել է Պորտուգալիա, նա թողել է, որ 22-ամյա երիտասարդը, որպես ռեգենտ, ղեկավարի Բրազիլիան։
Մեկ տարի անց երիտասարդ ռեգենտը մարտահրավեր է նետել Պորտուգալիայի խորհրդարանին, որը ցանկացել է Բրազիլիան պահել որպես գաղութ, եւ մերժել է հայրենիք վերադառնալու նրա պահանջը։
1822 թվականի սեպտեմբերի 7-ին նա հրապարակել է Բրազիլիայի անկախության հռչակագիրը եւ կարճ ժամանակ անց թագադրվել որպես կայսր։