«Նիկո՛լ, քո համար նվեր ունենք, էս 2 օրը տեղ կհասնի․․․»․ փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիներն ակցիա կիրականացնեն
Երկար տարիներ փողոցային առևտրով զբաղվող և այդպես օրվա հացը վաստակող քաղաքացիները վրդովված են Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունից՝ թե «ո՞վ է ասել, որ փողոցային առևտրով պետք է ընտանիք պահեք, նախարարն ասում է՝ երկրում բորդյուր շարող չունենք…»: Եվ դրան ի պատասխան՝ որոշել են բողոքի ակցիա իրականացնել։
Շուրջ 20 տարի փողոցային առևտրով զբաղվող մի կին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև նախարարների, քաղաքապետի համար անակնկալ են պատրաստում, շուտով նվերը տեղ կհասնի․
«Թող Նիկոլը լավ իմանա, մենք այստեղից ոչ մկի տեղ էլ չե՛նք գնա, ուզում է՝ թող ՀԴՄ կտրոն խփելու ապարատներով ապահովի, մեզ հարկային դաշտ մտցնի, բայց արգելել աշխատել, երբե՛ք։ Մենք, որ էստեղ չաշխատենք, ուրիշ ոչ մի տեղ չենք կարող աշխատել, ամեն մեկս առողջական մի խնդիր ունի, մեկի ձեռքն է, մյուսի՝ ոտքը, էն մյուսի՝ գլուխը, սիրտը, հիմնականում առողջական խնդիրներ ունեցող մարդիկ ենք, որ ձեզնից ոչ հաց ենք ուզում, ոչ ջուր, թողեք ապրենք էլի։ Ձեր պես ճոխ մեքենաներով չենք պտտվում, աներձագ Հրաչի պես Ամերիկաներում կայֆեր չե՛նք անում, Էռատոյի առաջնորդի պես օրը մի հանգստյան գոտուց լուսանկարներ չե՛նք հրապարակում․․․ լույսը բացվում է, շան տանջանքով էս ապրանքը գյուղացուց առնում, 2 կոպեկ ավելով վաճառում՝ գոյատևում ենք, բայց էս էլ են հարամ անում․․․
Եթե հանկարծ որոշեք մի անգամ էլ կոշտ մեթոդ կիրառել, ապրանքները տշել, ցխել, առգրավել, մեզանից չնեղանա՛ք․․․ Նիկո՛լ, քո համար նվեր ունենք, էս 2 օր տեղ կհասնի նվերդ․․․»։