Սինգապուրի իշխանություններն ապաքրեականացրել են նույնասեռական հարաբերությունները
Սինգապուրի իշխանություններն ապաքրեականացրել են նույնասեռական հարաբերությունները։ Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունգը հայտարարել է, որ երկիրը չեղարկելու է Քրեական օրենսգրքի 377А հոդվածը՝ դրանով իսկ չեղարկելով քրեական պատասխանատվությունը նույնասեռական հարաբերությունների համար, բայց ավելացրել է, որ նույնասեռական ամուսնությունները նախկինի պես անօրինական են լինելու քաղաք-պետությունում, տեղեկացրել է CNN-ը։
«Փոխադարձ համաձայնությամբ սեքսը տղամարդկանց միջեւ չպետք է քրեականացվի։ Որեւէ հիմնավորում չկա դրա համար հետապնդելու մարդկանց կամ այն հանցագործություն անվանելու»,- ասել է նա իր ամենամյա քաղաքական ուղերձում՝ նվիրված Ազգային օրվան։ «Ես կարծում եմ, որ [հոդվածի չեղարկումը] ճիշտ որոշում է։ Դա օրենքը կհամապատասխանեցնի ներկայիս սոցիալական բարքերին եւ, ես հույս ունեմ, կթեթեւացի սինգապուրցի գեյերի վիճակը»,- ասել է վարչապետը։
Սակայն կառավարությունը չի փոխի երկրում ամուսնության մասին ընդունված իրավաբանական սահմանումը՝ որպես ամուսնություն տղամարդու եւ կնոջ միջեւ, ասել է Լի Սյան Լունգը՝ նկատի ունենալով այն, որ օրենքները կխստացվեն ի պաշտպանություն այս սահմանման։ «Մենք կպաշտպանենք ամուսնության սահմանումը։ Մենք պետք է փոփոխություններ կատարենք սահմանադրությունում, որպեսզի պաշտպանենք այն, եւ մենք դա կանենք»,- ասել է նա։